Եվ կրկին մեռելոցների մասին

Հերթական անգամ քննարկման ասպարեզ բերվեց մեռելոցների հարցը: Անկախ անձնական վերաբերմունքից, որ ունենք խնդրի հանդեպ յուրաքանչյուրս, եթե օբյեկտիվ լինենք, ապա այսօր Հայաստանի տնտեսական վիճակն այնպիսին է, որ ոչ միայն մեռելոցների, այլ նաև առհասարակ ոչ-աշխատանքային օրերի մասով մեր պետական օրացույցը կամ, ինչպես ընդունված է ասել, տոնացույցն ունի լուրջ բեռնաթափման կարիք: Նույնիսկ խորհրդային բարեկեցության պիկին` Բրեժնևյան լճացման տարիներին, հասարակությունը չուներ այնքան ազատ կամ ոչ-աշխատանքային օրեր, այն դեպքում, երբ այդ տարիներին ԽՍՀՄ-ը միակ պետությունն էր, որտեղ աղքատություն և գործազրկություն չկար, քան այսօրվա Հայաստանում է, որն ունի, մեղմ հաշվարկներով, քառասուն տոկոս աղքատություն ու բավականին զգալի գործազրկություն: Եվ այս տեսանկյունից կարիք չկա մեռելոցները բերել խոշորացույցի տակ ու դիտարկել որպես մեր տնտեսական վատ վիճակի պատճառներից մեկը: Ի վերջո, հենց մեռելոցները որպես ոչ աշխատանքային օրեր հաստատող կառավարության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Սարգսյանին ենք մենք մեծ հաշվով «պարտական» մեր երկրի տնտեսության ներկայիս կատաստրոֆիկ վիճակի համար: Այլ է հարցը, որ այսօր հասարակության մեջ նախորդ կառավարության հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքն ակամա պրոյեկտվում է մեռելոցների վրա, և մեռելոցները դառնում են այսպես ասած «հարձակման թիրախ»: Եթե պատմական նախընթացին նայենք, ապա մեռելոցների հարցը ՀՀ Կառավարության առաջ բարձրացված է եղել դեռևս երկու հազարականների սկզբներին, սակայն անհասկանալիորեն հարցին ընթացք չի տրվել, ու Տիգրան Սարգսյանն այլ բան չի արել, քան նախկինում «քնեցված» հարցին ընթացք տալը:

Իհարկե, կարելի է նաև հասկանալ Մայր Աթոռի տեսակետը, ձևակերպված ու արտահայտված այսօր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից այսօրվա ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, որով Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ՀՀ բնակչության իննսունվեց տոկոս մեծամասնության կրոնն արտահայտող կառույց, փորձում է պահպանել մեռելոցների ոչ-աշխատանքային լինելու դրությունը: Սակայն սրանով հանդերձ, Արշակ եպիսկոպոսի բերած հիմնավորումները բավականին թույլ են, քանի որ նույն Թուրքիայում քրիստոնյաները կազմում են փոքրամասնություն, և Թուքրիայի ներքին քաղաքականության գծին համապատասխան էլ, որը նաև արտաքին լսարանին մատուցելու համար է շատ անգամներ իրականացվում, թույլ է տրվում կրոնական փոքրամասնություն հանդիսացող քրիստոնյաներին եռօրյա ազատ կամ ոչ աշխատանքային գրաֆիկ ունենալ սեփական կրոնական տոները նշելու համար: Նույնը կարելի է ասել նաև այլ երկրների պարագայում: Ի դեպ, շատ քրիստոնյա երկրներ էլ, ինչպես, ասենք, Ռուսաստանն իր երկրի տարածքում ապրող մահմեդական փոքրամասնության կրոնական տոների ժամանակ է սահմանում ոչ աշխատանքային վիճակ մահմեդական իր քաղաքացիների համար: Սա այլ հարց է բոլորովին, որը բացարձակապես կապ չունի մեռելոցների լինել-չլինելու խնդրի հետ, ինչպես փորձ արվեց ներկայացնել բարձրաստիճան կղերականի կողմից:

Մյուս կողմից սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, ունի իր միջազգային տնտեսական ու ինտեգրացիոն պարտավորությունները, իր տնտեսական կյանքը, ֆինանսական և այլ գործառույթները, և երբեմն ժամերը կարող են այստեղ հաջողության ու ձախողանքի պատճառ դառնալ, ուր մնաց տարվա կտրվածքով հինգ հավելյալ ազատ կամ ոչ աշխատանքային օրերը: Ուստի ստեղծված իրավիճակում, կարծում եմ, ճիշտ կլինի, որպեսզի ՀՀ Կառավարությունը ձեռնամուխ լինի ոչ միայն Մեռելոցների, այլ նաև առհասարակ մեր պետական տոնացույցում ոչ-աշխատանքային օրերի բեռնաթափմանը, սկզբունքորեն փոխի իր վերաբերմունքը պետական կամ ազգային եկեղեցական տոների նկատմամբ և, վերջապես, մասնավորապես մեռելոցների համար սահմանել կամավորության սկզբունքը: Ինչպես ամենայն իրավամբ նկատեց ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում չի գտնվի մի պաշտոնյա, ով կմերժի իր աշխատակցին, մեռելոցի օրը նույնիսկ աշխատանքային լինելու դեպքում, մի քանի ժամով բացակայել` իր ննջեցյալներին գերեզմանոց տեսության գնալու համար: Ի վերջո, մեռելոցներով չէ, որ պահպանվում է մեր ազգային ինքնությունը. խորհրդային ժամանակներում, ի վերջո, մեռելոցները չէին պահպանվում, սակայն մեր ծնողներն ու տատիկ-պապիկները շատ ավելի աստվածավախ ու բարեպաշտ քրիստոնյաներ էին, քան մենք ենք այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել