Tert.am-ը գրում է.

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե եթե մի երկրում կրոնական կազմակերպությունը վտանգ է սպառնում ազգային անվտանգությանը, ապա փակում են այդ կառույցը, իսկ Հայաստանում այդպես չէ, քանի որ վախենում են Եհովայի վկաներն աղմուկ կբարձրացնեն:

«Հայաստանում օտարածին աղանդների քայքայիչ գործունեությունը ծավալելու համար կանաչ լույս է վառվել: Եհովայի վկաները լուրջ սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, քանի որ մերժում են Հայաստանի Սահմանադրությունը, չեն ենթարկվում ոչ մի հասարակական, պետական ինստիտուտի, հասարակական վայրերում ազատորեն քարոզ են անում, տեղադրում են ստենդներ՝ ներկայացնելով իրենց գրականությունը»,-հայտարարեց Սևան Աղաջանյանը:

Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունը չի խոչընդոտում նրանց գործունեությանը, փոխարենը խոչընդոտում է նրանց դեմ պայքարողներին:

Ասուլիսի մյուս մասնակից, «Հայաստանի սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն էլ ասաց, որ ենթարկվել է վարչական պատասխանատվության, քանի որ կանգնել է փողոցում՝ Եհովայի վկաների տեղադրած ստենդի առջև, «Հայր մեր»-ն է կարդացել և խունկ վառել:

«Անհրաժեշտ է Եհովայի վկաների դեմ միասնական պայքար մղել»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը, նշելով, թե կարիք ունեն առաքելական եկեղեցու հետևորդների աջակցության, որպեսզի միասնական պայքարեն Եհովայի վկաների դեմ:

Հարցին, թե իրենք  դիմե՞լ են առաքելական եկեղեցուն՝ իրենց աջակցելու համար, Ռոբերտ Ահարոնյանը պատասխանեց, որ չեն դիմել և չեն էլ դիմի, քանի որ իր համոզմամբ՝ եկեղեցին պետք է խնդրի իրենց սատար կանգնել իրենց պայքարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել