_E8Y6byjEdwA1plus.am-ը գրում է.

Սահմաններում շարունակական լարվածության միտում ենք մենք տեսնում, որը թելադրվում է հակառակորդի կողմից. «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ավելացնելով, որ դա կապ չունի, թե այս կամ այն ժամանակահատվածում լարվածությունը թեժանում է, թե նվազում. «Դա արտահայտվում է տարբեր տիպի խախտումներով: 2015թ. հունվարից այդ խախտումները տեղի են ունեցել` դիվերսիոն-հետախուզական գործողություններ, դիպուկահարների գործողություններ եւ ամենավերջին խախտումը, որ տեղի է ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակում, ԼՂՀ հյուսիսային հատվածում` Մարտակերտի շրջանում, մարտի 19-ին տեղի ունեցած դեպքը: ՊԲ ստորաբաժանումները կարողացել էին ըստ ստեղծված իրադրության օպերատիվությամբ արձագանքել ու ետ մղել եւ ավելին` արժանի հակահարված տալ հակառակորդին»:

Ըստ նրա` վերջին օրերին կրակոցների քանակը բավականին նվազել է, խախտումներ չկան. «Երեւի թե իրենք իրենց որոշումների մեջ ճշտումներ են կատարում կամ փորձը ցույց է տալիս, որ մեր դիրքապահների կողմից արժանի հակահարվածներն են, որ նվազեցնում են մեր հարեւանների առաջին գծի կամ հատուկ նշանակության ստորաբաժանումների եռանդը, եւ նրանք մի որոշ ժամանակահատված հանգստանում են: Մենք լիարժեքորեն վերահսկում ենք սահմանը եւ հայ դիրքապահները պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրները բարձր մակարդակով կատարել»:

Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի քայլին, որը սպիտակ դրոշը ձեռքին հանձնվել է ադրբեջանական կողմին, Սեյրան Օհանյանը նշեց. «Քրեական գործ է հարուցվել, ծառայողական քննություն ենք անցկացնում, ամբողջովին բացահայտել, թե որոնք են պատճառները, որ հայ դիրքապահն անցել էր ԼՂՀ Մարտունու շրջանից դեպի հակառակորդի կողմ, անհնարին է, քանի որ իր հետ պետք է ունենալ կապ եւ ինքը կարող է ասել, թե ինչ խնդիրներ կան: Գտնում եմ, որ ժամանակի ընթացքում կպարզաբանվի քրեական գործի շրջանակներում: Այն, ինչ ցույց էր տրվել ադրբեջանական կայքերով, հասկանալի է, որ շինծու դրվագներ են, եւ ակնհայտ երեւում է, որ անցնելու պահին նրա հետեւից մեր զինծառայողները հետեւել էին, տեսել էին, որ այդպիսի երեւույթ տեղի չէր ունեցել»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել