Interpress.am-ը գրում է.
Հարևան Սիրիայում քառամյա հակամարտության ամբողջ ընթացքում Թուրքիան պահպանում էր բաց դռների քաղաքականությունը: Սակայն այս ամիս որոշել է փակել երկրների միջև պահպանված երկու սահմանային անցակետերը, ինչը տեղահանված սիրիացի փախստականների մոտ հնարավոր ահաբեկչական հարձակման մտավախություն է առաջացրել:
Օնքուփինար և Սիլվեգոզու սահմանային անցակետերը Հաթայ նահանգում փակվել էին դեռևս մարտի 9-ին, որպես հյուսիսային Սիրիայում սաստկացած բախումների դեմ նախազգուշական միջոցառում:
Բայց օգնության բեռներ տեղափոխող մեքենաների ու օրինական առևտրի համար թույլատրվել էր Թուրքիայից անցնել Սիրիա: Անցակետերը փակ էին ֆիզիկական անձանց համար, որոնք փորձում էին Թուրքիայում մնալ երկու շաբաթից ավելի: Դա վերաբերում էր նաև անձնագրեր ունեցող Սիրիայի քաղաքացիներին:
«Շատ սիրիացիներ չեն կարողանում տեղաշարժվել ներսում ու սահմաններից դուրս», – ասել է Աբդո Ֆալութին, հինգ երեխայի հայրը, որն արդեն երեք տարի ապրում է Թուրքիայում: «Մայրս մի քանի շաբաթ առաջ գնաց անձնագիրը նորացնելու, բայց չի կարողանում վերադառնալ»:
Անցակետերի փակումը Թուրքիային դնում է անելանելի վիճակում, քանի որ մի կողմից այն ստանձնել է փախստականների անվտանգության պատասխանատվությունը, մյուս կողմից արևմտյան դաշնակիցները ճնշում են գործադրում, պահանջելով խստացնել սահմանները:
Մինչև այսօր Թուրքիան գրեթե երկու միլիոն փախստական է ընդունել: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Թուրքիան աշխարհում ամենաշատ փախստականներ ընդունած երկիրն է: Սահմանային դարպասները ժամանակ առ ժամանակ փակ են եղել ամբողջ հակամարտության ժամանակ:
Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ այդ որոշումն անհրաժեշտ էր, քանի որ հետախուզության տվյալով, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ահաբեկչական դավադրություն էր պատրաստում:
«Մենք չենք խոսում մեկ կամ երկու մարդու սպառնալիքի մասին: Մենք ստացել ենք հավաստի հետախուզական տեղեկություն լայնածավալ ահաբեկչական հարձակման մասին, հետևաբար, պետք է ձեռնարկենք անհրաժեշտ նախազգուշական միջոցներ», – ասել է հետախուզության պաշտոնյան, անանունությունը պահելու պայմանով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ