Մարզիկին ոչ վայել պահվածք. նախարարը՝ կքանստած ադրբեջանցի մարզիկի մասինYerkir.am-ը գրում է.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի մարզիկը Հայաստանի օրհներգը հնչելու պահին կքանստել էր:

«Նախքան սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ ադրբեջանցի մարզիկի պահվածքին անդրադառնալը, ցանկանում եմ շնորհավորել մեր մարզիկներին, և հատկապես Աշոտ Դանիելյանին, ով մրցաշարի առաջին իսկ օրը ոսկե մեդալ նվաճեց»,-ասաց նախարարը եւ նկատեց, որ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցու պահվածքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործ ունենք վախկոտ մրցակցի հետ, որը մարզիկին ոչ վայել պահվածք դրսևորեց:  

«Նրա արարքի գնահատականը, կարծում եմ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան պետք է տա: Իմ կարծիքը միանշանակ է` անկախ ազգությունից, ես դատապարտում եմ բոլոր այն դրսևորումները, որոնք հակասում են արդար մրցակցության և հանդուրժողականության գաղափարներին: Ես` որպես Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, կոչ եմ անում մեր մարզիկներին, հետագայում ևս, արժանավայել և հպարտ պահվածքով պատասխանել նման դրսևորումներին»,-եզրափակեց նախարարը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել