Panorama.am-ը գրում է.
«Եվրասիական մեծ տարածաշրջանում տիրող բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակը ԵՏՄ արդյունավետ կայացման համար մարտահրավեր է հանդիսանում:Այս իրողությունը մեզանից պահանջում է առավել պատասխանատու պահվացք մեր ինտեգրացիոն նպատակների իրականացման հարցում: Առկա պայմաններում ԵՏՄ կայացումն ու հետագա արդյունավետ զարգացումը կարող է տեղի ունենալ միայն ԵՏՄ անդամ երկրների կողմից մեր տնտեսական միության զարգացման հիմնական ուղենիշների, դրանց հասնելու փուլերի վերաբերյալ միասնական պատկերացումների ու սրանցից բխող համակարգված քայլերի իրականացման պարագայում: Սրանով պայմանավորված մենք չպետք է թույլ տանք, որ առանձին հարցերում ավելորդ շտապողականությունը վնասի մեր ընդհանուր ինտեգրացիոն գործի հաջողությանը»,- այսօր Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ իր ելույթում այս մասին նշել է ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Բանախոսի խոսքերով`ԵՏՄ միասնական արժույթի ներդրումը, այս տեսանկյունից, կնպաստի միության անդամ երկրների միջև ծառայությունների, ապրանքների և կապիտալի տեղաշարժի հեշտացմանը:
«Սակայն, մինչև միասնական արժույթի ներդրումը պետք է ներդաշնակեցվի անդամ երկրների տնտեսական ու ֆինանսական ոլորտները կարգավորող ամբողջ օրենսդրությունը: Այդ կարգավորումները պետք է գոյություն ունենան ոչ միայն թղթի վրա այլև գործեն իրական կյանքում: Միասնական արժույթային համակարգին անցնելը պետք է լինի ԵՏՄ տարածքում տնտեսական ու ֆինանսական ինտեգրացիոն գործընթացի ավարտական փուլը: Ինտեգրացիոն գործընթացների այսպիսի հաջորդականության արդյունավետության ապացույցներից մեկը ԵՄ փորձն է, որն անտեսելը ճիշտ չի լինի:Այսօր սակայն ԵՏՄ անդամ երկրների միջև ամենաքննարկված ոլորտում դեռևս առկա են բավականին բացառումներ, որոնք լուրջ խոչընդոտ են լիարժեք Մաքսային միություն ունենալու համար: Այս բացառությունների վերացումը, մեր կարծիքով, պետք է լինի այն առաջին քայլը, որը կնախապատրաստի հաջորդ ինտեգրացիոն քայլերը»,- շեշտել է Գ. Մինասյանը:
Իր ելույթում ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կարևորել է նաև ընդհանուր շուկայի կայացումը, որի ձևավորումն ենթադրում է գործընթացներ, որոնք ոչ միայն կարևոր են, այլև բավականին ժամանակատար են և ռեսուրսատար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



