Life.panorama.am-ը գրում է.

Մեր ծանոթության առաջին իսկ օրը նրան ամուսնության առաջարկություն արեցի,  պատառը բերանից ընկավ. Արման Նավասարդյան

Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանին, ով, ի դեպ, 2015 թվականի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին: Դերասանի հետ զրուցեցինք իր կերպարների, մանկության, հիշողությունների ու ընտանիքի մասին:

-Արման, շնորհավորում եմ հատուկ մրցանակի կապակցությամբ: Սպասվա՞ծ էր այն:

-Շնորհակալ եմ: Ճիշտն ասած՝ քանի որ զբաղվածության պատճառով արդեն մի քանի տարի է՝ չէի մասնակցում մրցանակաբաշխությանը, չգիտեի, որ նմանատիպ անվանակարգ կա: Քանի որ այս տարի վարպետին էր նվիրված մրցանակաբաշխությունը, գնացի ու շատ հաճելի ու անսպասելի անակնկալ ստացա: Կարծում եմ, այս մրցանակը միայն իմը չէ, այլ ամբողջ Համազգային թատրոնինն է, իմ թատրոնինը:

-Մրցանակները, արձանիկները, որոնք հարստացնում են արտիստների պահարանները, ուրիշ ի՞նչ են ավելացնում նրանց կյանքում:

-Իհարկե, դրանք ոգևորում են, քաջալերում և միևնույն ժամանակ պարտավորեցնում: Ստեղծագործող մարդու համար դա հաճելի է: Բայց դա մեծամտանալու առիթ չպետք է տա: Չգիտեմ, ուրիշների մոտ ինչպե՞ս է, բայց ես այդպես եմ մտածում: Մարդկանց այսօր էլ նայում եմ այնպես ու այն դիրքից, ինչ երկու օր առաջ: Որևէ բան իմ մեջ չի փոխվել, «բոյս» դրանից չի «աճել»:

-Ինչպես ընդունված է ասել՝ աստղային հիվանդություն ձեռք չեք բերել:

-Դրա իմաստը չեմ տեսնում, հասկանում: Ասում են՝ մեծամտությունը գրավում է դատարկ տեղերը: Դատարկ տակառն ավելի ուժգին է զրնգում, քան լիքը տակառը: Ես չեմ կարծում, որ իմ մեջ այդքան դատարկ տեղ ունեմ: Հիշում եմ, ուսանող տարիներին մորս ասացի. «Մամ գիտե՞ս, մեր դեկանն ասաց, որ ինձ նման դերասան չկա»: Մայրս պատասխանեց. «Արման ջան, ինքը քեզ չի գովել, այլ թևիդ տակ փչած փուչիկներ է դրել: Մեկ ուրիշը կարող է ընդամեն ասեղով ծակել այդ փուչիկները և թևերդ թուլացնել»:Ես այդ օրը ուշքի եկա, հասկացա: Մեծամտություն ասվածը սարսափելի վտանգավոր բան է: Փառք Աստծո, իմ շրջապատում էլ չկան այդպիսի մարդիկ:

-Զարմանալի է, որ Ձեր շրջապատում նման մարդիկ քիչ են, քանի ոչ դաշտը լի է այդպիսիներով:

-Գիտեմ, բայց ես եմ ընտրում իմ ընկերներին, նրանք էլ՝ ինձ: Մեզանից յուրաքանչյուրն իր նմաններին է ընտրում: Ես մի քիչ խուսափում եմ մեծամիտ մարդկանց հետ շփվել, դա շատ կործանարար բան է: Նույնիսկ իրենց համար այնքան վտանգավոր չէ, ինչքան շրջապատի:

-Դասավանդում եք Թատերական ինստիտուտում և տարածաշրջանային թիվ մեկ պետական քոլեջում: Համազգային թատրոնի դերասան եք: Ինչպե՞ս եք հասցնում այդքանը:

-Մի լավ անեկդոտ կա. երկար մորուքով մի քահանայի հարցնում են, թե գիշերը քնելիս մորուքը վերմակի վրա՞ է դնում, թե՞ վերմակի տակ: Այս խեղճ մարդն այս հարցից հետո չի կարողանում քնել, ինչպես անում է, անհարմար է լինում (ծիծաղում է): Այնպես որ, եթե ես այդ մասին սկսեմ մտածել, ինձ մոտ անքնություն կառաջանա: 6 տեղ եմ աշխատում ու հասցնում եմ, Փառք Աստծո:

-Վե՞ց:

-Այո, աշխատում եմ նաև հեռուստաընկերություններում, կրկնօրինակումներ եմ անում, ձայնագրություններ:

-«Սուպեր մամա» ֆիլմից հետո ֆիլմային այլ առաջարկ դեռևս չունե՞ք:

-Կարծում եմ, տարեկան մեկ ֆիլմը բավական է: Այս տարի ևս երկու ֆիլմերից առաջարկներ ունեմ, բայց գաղտնիքները դեռ չեմ կարող բացել:

-Նորից «Կարգին ստուդիայի՞», Հայկ Մարությանի հե՞տ եք համագործակցելու:

-Այս երկու ֆիլմերը կապ չունեն իրենց հետ: Բայց, կարծում եմ, դեռ միասին կաշխատենք: Ինձ շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը, իրենք էլ ասել են, որ իրենց համար էլ էր հետաքրքիր: Թեև ամառվա տապին էինք նկարահանվում՝ հուլիս-օգոստոս ամիսներին, բայց շատ եմ լիցքաթափվել: Հաճելի էր:

-Ինչպե՞ս է, որ Ձեզ սերիալներում չենք տեսնում: Վստահ եմ, որ շատ առաջարկներ ստացած կլինեք:

-Անկեղծ ասած՝ այնքան առաջարկ չունեմ, ինչքան որ վստահ եք (ծիծաղում է): Մի կողմից լավ է, որ չունեմ, քանի որ ժամանակս իսկապես սուղ է: Ես նկարահանվել եմ մեկ սերիալում՝ «Ռուզանի սիրտը», գիտեմ, թե դա ինչ ժամանակատար և ջանք պահանջող աշխատանք է: Մեկ սերիալում նկարահանվելու համար երևի իմ մի քանի աշխատանքից պետք է հրաժարվեմ: Ժամանակին մտածում էի, որ սերիալները պրոֆեսիոնալ կդառնան, բայց գնալով որակն ընկավ: Մի դերասան, որը մի անգամ լավ գողական է խաղում, բոլոր սերիալներում նույն կերպարն են առաջարկում, ոստիկան է խաղում՝ նույնը: Խոսքս սերիալների հիմնական մասին է առնչվում, ոչ բոլորին: Գուցե լավերը կա՞ն, չգիտեմ: Եվ հետո, սերիալը գոնե 20-30 սերիա նկարեն: Պետք է պրոֆեսիոնալները դրանով զբաղվեն: Գիտեք, վատ ֆիլմի և ոչ պրոֆեսիոնալ ֆիլմի մեջ հսկայական տարբերություն կա: Պրոֆեսիոնալ մարդը կարող է վատ ֆիլմ նկարել, բայց կզգացվի, որ այդտեղ, միևնույն է, պրոֆեսիոնալի ձեռք է աշխատել, թեկուզ և չի հաջողվել ֆիլմը: Մեր սերիալներով շատ քիչ պրոֆեսիոնալ մարդիկ են զբաղվում: Ուրախ եմ այն դերասանների համար, ովքեր գոնե ընդգրկվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել