Հերթական անգամ ոչինչ չասող ու դեկլարատիվ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով թվիթերյան իր էջում գրել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ՄԽ-ն առաջնահերթություն դարձնի։
Նախ, նշված արտահայտությունից տրամաբանական հարց է ծագում. ինչի՞ մինչ օրս խաղաղ կարգավորումն առաջնահերթություն չէր ՄԽ համար։ Ըստ այդմ, արդեն իսկ այսքանով երևում է, թե ինչ անլուրջ կեցվածք ունի ԵԱՀԿ-ն ու մասնավորապես դրա ամերիկյան համանախագահն Արցախյան հիմնախնդրի նկատմամբ։
Իհարկե, ոմանք կարող են ասել, որ ԵԱՀԿ-ն ազդեցության ոչ մի լուրջ մեխանիզմ չունի, ու սա չեղածից լավ է, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Նախ, Արցախյան հակամարտությունը միակը չէ, որով զբաղվում է ԵԱՀԿ-ն, ու մենք բազմիցս ենք տեսել, որ եթե դա պետք է լինում, ԵԱՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ՝ դրա ազդեցիկ անդամները, լա՜վ էլ ազդեցության մեխանիզմներ ունեն ու կիրառում են։
Օրինակ՝ Ուկրաինայում ապստամբների ցանկացած «ծուռ» շարժում միանգամից արժանանում է արձագանքի, ու ձեռքբերված պայմանավորվածությունների ցանկացած խախտում բերում է պատժամիջոցների նոր փաթեթի կիրառման կամ էլ դրա սպառնալիքի՝ Ռուսաստանի հանդեպ։ Եվ հիմա ի՞նչ, ուզում եք ասել, որ Ռուսաստանի վրա մատ թափ տվողներն այդքան «թափ» չունե՞ն, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառեն հերթական դիվերսիոն գործողությունից ու գնդակոծությունից հետո կամ էլ գոնե չոր հայտարարությամբ հանդես գան։
Իհարկե, ունեն, բայց չեն անում, ինչն առնվազն պակաս չի ոգեշնչում Ալիևի ռեժիմին, քան ռուսական նորագույն սպառազինության հերթական խմբաքանակի ստացումը։ Ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մի կեցվածք է որդեգրել, որից կարելի է հետևություն անել, որ իրենք մեծ ողբերգություն չեն սարքի, եթե նոր պատերազմ սկսվի։ Ավելին, այս կեցվածքում միայն մի ցուցանակ է պակասում Ուորլիքների վզից կախված՝ Արցախի քարտեզի նկարով ու «Էստի համեցեք, Ալիև էֆենդի» մակագրությամբ։
Այնպես որ, ոչինչ էլ չի փոխվել՝ մենք ենք մեր գլխի տերը, ու Աստված չանի՝ թուլանանք ու զգոնություններս կորցնենք, ԵԱՀԿ-ն ու այլ միջազգային կառույցներ, բացի մի քանի ձևական հառաչանքներից, ոչնչով չեն սատարելու մեզ։