Մարդ, ով երբեք չի վախեցել արտահայտելու իր քաղաքական տեսակետները՝ հստակ պահպանելով խոսքի ազատության և պարզապես անտաշ հայհոյանքի սահմանը: Եթե այսօր շատերն անհայտ անուններից ինչ-ինչ գրառումներ են թողնում համացանցում և մեկ-երկու «կծու» մեկնաբանությունից հետո «տղամարդավարի» անհետանում, ապա դերասան և հաղորդավար Հովհաննես Ազոյանը երբեք չի խուսափել լինել մաքսիմալ անկեղծ՝ իր մտքերի արտահայտման հարցում: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք համացանցում տեղադրված գրառումն ինչ-որ մի բան ի վիճակի է փոխել՝ Հովհաննեսը պատասխանեց. «Եթե գոնե մեկ-երկուսի մոտ իմ արտահայտած մտքերը խորհելու, մտածելու տեղիք տան, ուրեմն իզուր չեն իմ գրառումները»:
- Ե՞րբ են Ձեզ վերջին անգամ դիմել՝ Հովհաննես:
– Ինձ հաճախ են դիմում՝ Հովհաննես:
- Երբ կինն ամբողջությամբ է ամուսնու անունը տալիս, դրա մեջ մի տեսակ ակնարկ կա, որ ինչ-որ մի բան այն չէ:
– Համաձայն եմ, որ նման դեպքերում դա ինչ-որ երանգ իրապես ունի: Վտանգավոր է, նշանակում է, որ կարմիր լույսը վառվում է, եթե կինդ նշում է անունդ ամբողջությամբ:
- Հաճա՞խ եք «կարմիր լույսի» առիթներ ստեղծում:
– Հա, իհա՛րկե: Պատճառները կարող են բազմապիսի լինել. ի վերջո, բոլորս մարդ ենք:
- Զգացե՞լ եք, որ Ձեր բնավորության գծերի մեջ կան այնպիսիք, որոնք անտանելի են, և նույնիսկ զարմացել եք, թե ինչպե՞ս է դեռևս Մերին Ձեզ հանդուրժում:


– Իհարկե, կան նման գծեր:
- Իսկ ավելի ստո՞ւյգ:
– Իմ տղամարդ տեսակը: Ավելի հստակ չեմ ասի, այդքանը բավարար է:
- Ձեր կերպարը միանգամից դրական էմոցիաներ, տրամադրություն և ժպիտ է առաջացնում: Դա Ձեզ դեռևս չի՞ նյարդայնացնում:
– Ինչո՞ւ պետք է նյարդայնացնի: Պոզիտիվ լինելը հարստություն է, որը, ցավոք սրտի, ամեն մարդ չի հասկանում:

- Այն էլ՝ հայ մարդ:
– Ամեն մեկն իր մտքերի մեջ է ապրում: Կենցաղն ու կենցաղային մտքերը քայքայում են մարդուն, նրա դրական լիցքերը:
- Դա նաև մարդկային տեսակ է:
– Ոչ միայն: Առաջնահերթ՝ կենցաղն ու կենցաղային մտքերն են ազդում մարդու տրամադրության վրա:
- Ձեզ մոտ կերպարի մա՞ս է հանդիսանում միշտ դրական և պոզիտիվ լինելը:

– Ես վաղուց արդեն կորցրել եմ Ձեր նշած իմ կերպարը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Այնպիսին եմ, ինչպիսին Ձեր առջև նստած եմ: Սա կերպա՞ր է, ըստ Ձեզ:
- Ոչ, Դուք Հովհաննեսն եք, ով հարցազրույց է տալիս: Իսկ առհասարակ լինո՞ւմ է ցանկություն՝ նշելու, ապացուցելու, թե՝ գիտեք, ես լուրջ եմ:
– Հիմա արդեն՝ ոչ: Սակայն տարիներ առաջ ունեի այդ խնդիրը: Այդ հարցը լուծվեց ինքնաբերաբար՝ ժամանակի հետ: Դա արդեն հասարակության խնդիրն է, թե ինչպես է այն ընկալում և ընդունում ինձ կամ այլ մեկին: Եթե հասարակությունը կարծրատիպային է մտածում, դա արդեն հասարակության խնդիրն է: Նույնն է թե՝ դերասանին, ով մի քանի ֆիլմերում խաղում է, օրինակ, բացասական կերպար, հասարակությունն ընկալի իբրև բացասական մարդ՝ առհասարակ: Տվյալ դերասանն արդեն ի՞նչ մեղք ունի, որ հասարակությունը նման մտածելակերպ ունի:

- Բարդույթներ ունե՞ք, որոնք խանգարում են Ձեզ ապրել:
– Ոչ, ես չունեմ բարդույթ:
- Բարդույթ չունենալը բարդույթ չէ՞:
– Ես չեմ ձգտել բարդույթ չունենալ. ինքնաբերաբար այդպես է ստացվել:
- Ի՞նչ եք կարծում, այն էլ հայ հասարակության մեջ բարդույթ չունենալը ծնողների ճիշտ դաստիարակության արդյո՞ւնք է, դա լավ մանկության հետևա՞նք է, թե՞… Ի՞նչ է դա: Պատասխանեք այդ հարցին՝ նաև որպես երկու հրաշք աղջիկների հայր:
– Դա ճիշտ ժամանակին ինքնուրույն ապրելու արդյունք է: 17 տարեկանից ես ինքնուրույն եմ ապրել՝ ուսանողական տարիներից սկսած: Դա է բնության թելադրանքը, այդպես էլ պետք է լիներ: Մեր հասարակության մեջ կա այդ խնդիրը՝ իրենց զավակներին ազատ չթողնելու խնդիրը միշտ առկա է: Պինդ պահում են իրենց կողքին, մարդը դառնում է 40 տարեկան՝ այդպես էլ չհասկանալով, թե ինքն ո՞վ է: Դժբախտ-դժբախտ ապրում է՝ այդպես էլ չհասկանալով իր դժբախտության պատճառը: Ես կարծում եմ, որ 17-18 տարեկանից պետք է բաց թողնել զավակներին, որպեսզի մարդիկ ունենան կյանք՝ լիարժեք ապրեն, սխալվեն, ընկնեն և բարձրանան, սխալների վրա սովորեն…

- Պատրա՞ստ եք այդ նույն ազատությունը տալ Ձեր աղջիկներին:
– Իհա՛րկե: Ուղղակի ինձ պետք է ուժ և իմաստնություն, որպեսզի մինչ իրենց 17-18 տարեկանը ես այնքան «լցնեմ» նրանց կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներով, ինֆորմացիայով, որ կարողանամ հանգիստ բաց թողնել:
Շարունակությունն՝ այստեղ



