Վերջին շրջանում հաճելիորեն զարմացնում են Ռուսաստանի հայ մեծահարուստները՝ իրենց կեցվածքով, նիստուկացով ու ձեռքբերումներով։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունից դեռ հիացմունքը չանցած՝ մեկ էլ իմանում եմ, որ շատ լուրջ առաջընթաց է գրանցել Արթուր Ջանիբեկյանը՝ «Comedy Club Production»-ի հիմնադիր և ղեկավարը, ում «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը որոշել է վստահել մեկ խմբում միավորած իր ժամանցային 4 հեռուստաընկերությունների կառավարումը։
Այսուհետ «ТНТ»-ն, «Пятница»-ն, «ТВ-3»-ը և «2х2»-ը կգործեն «ТНТ գրուպ» խմբի կազմում, որի կառավարումը կիրականացնի մեր անվանի հայրենակիցը։ Գիտե՞ք, ինձ երբեք առանձնապես մեծ հպարտություն չեն պատճառել, ասենք, Արա Աբրահամյանի կապիտալները, ոչ էլ դրանց չափերը, որովհետև գիտենք, թե առաջին ալիքի օլիգարխներն ինչպես են հարստացել, և տեսնում էինք նաև հում ականջի մասին հայտնի ասացվածքի մարմնավորումը, սակայն այս դեպքում գործ ունենք միանգամայն այլ որակական հարթության հետ։
Այս պարագայում Ռուսաստանի խոշորագույն մեդիա խմբերից մեկը, որի տարեկան շրջանառությունը մի քանի հարյուր միլիոն դոլարով է չափվում, այսուհետ կառավարելու է ժամանակին ռուսական հեռուստատեսությունն իր պրոյեկտներով հեղափոխած Արթուր Ջանիբեկյանը, ինչն առհավատչյա է նրա, որ մի կողմից Ռուսական տնտեսական վերնախավում բարձր են գնահատում անձամբ Ջանիբեկյանի պրոֆեսիոնալիզմն ու կառավարչական հմտությունները, իսկ մյուս կողմից սա ևս մեկ ու շատ շոշափելի քայլ է, որպեսզի հայ ազգի հանրային ընկալումը Ռուսաստանում «խոպանչու» մակարդակից ձևափոխվի հաջողակ, նախաձեռնող ու ստեղծարար և միևնույն ժամանակ գրագետ ու համակրելի «նոր հայի» կարծրատիպի, իսկ դա ես խիստ կարևորում եմ։