Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել Mazda մակնիշի 85 VV 500 համարանիշի ավտոմեքենայում:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը՝1 մարտական հաշվարկով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդ տղաներ, իրենք իրենց ուժերով «մենամարտի» էին դուրս եկել կրակի դեմ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ երիտասարդները, ովքեր ինչ-որ գործով պատահական անցնելիս էին եղել այդ ճանապարհահատվածով՝ նկատել են այրվող ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան վարել է Ռոման Սաֆարյանը, սակայն այն հաշվառված է Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի բնակիկչ, 30-ամյա Աշոտ Խլոպուզյանի անվամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել