Պապան տեսակցության ժամանակ այս նամակը փոխանցեց ինձ:

Ժիրո ջան, ուզում եմ իմ տեսակետը հայտնել քո նախաձեռնության վերաբերյալ: Իշխանափոխությանը միանշանակ կողմ եմ, բայց չեմ ընդունում իշխանափոխություն սկսել ապրիլի 24-ի երեկոյան: Չեմ ուզում քո նախաձեռնության աշխարհաքաղաքական բացասական հետևանքների մասին խոսել, քանի որ դու քաղաքական գործիչ չես և կարող ես շատ բան այլ կերպ պատկերացնել: Հիմա ավելի շատ ցանկանում եմ կարծիքս հայտնել նախաձեռնության բարոյական կողմի մասին: 
Մեկ տարի անընդմեջ դու հայտարարում էիր՝ «100-ամյակն առանց ռեժիմի»: Ինձ թվում էր, որ դու պետք է իշխանափոխության պրոցեսը սկսեիր ամենաուշը փետրվարի վերջին, որպեսզի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանը նշեր նոր իշխանություններով և նոր նախագահով: Բայց եթե դու ինչ-ինչ պատճառներով պատրաստ չես եղել իրականացնել իշխանափոխությունը նշված ժամկետներում, դա, իհարկե, դատապարտելի չէ, բայց դատապարտելի է դրա իրականացումը սկսել ապրիլի 24-ի երեկոյան: 
Եթե դու հաշվել ես, որ քո հնարավորությունները թույլ կտան իշխանափոխությունը սկսել ապրիլի 24-ի երեկոյան, ուրեմն դու կարող ես այդ պրոցեսը սկսել ապրիլի 28-ին, մայիսի 4-ին կամ հունիսի 15-ին, այսինքն՝ ապրիլի 24-ից հետո եկած ցանկացած օր: Այդ դեպքում անհասկանալի է ապրիլի 24-ը ընտրել որպես իշխանափոխության սկիզբ, երբ Պուտինն ու Էրդողանը դեկտեմբերին համատեղ որոշում են կայացրել՝ տապալել ապրիլի 24-ին Հայաստանում սպասվելիք ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները:
Ապրիլի 24-ին նման քայլ նախաձեռնելը պայքարից հեռու կպահի իշխանափոխության կողմնակից լայն շերտերին, նաև զգալի հիասթափություն կառաջացնի նրանց մեջ: 
Ժիրո ջան, քո նախաձեռնությունը մոտավորապես նման է այսպիսի իրավիճակի. երբ մեկը գալիս և ասում է. «Տղերք, բժիշկներն ասել են, որ մեր ընգեր Գագոյի պապը ծանր հիվանդ ա, 5 ամիս հետո մեռնելու ա, ու թաղմանն էլ լիքը մարդ ա գալու, կարելի ա էդ օրը գնալ, թաղման ժողովուրդը հուզված կլինի, արժե բորբոքել ժողովրդին ու տանել իշխանափոխության»:
Կներես, Ժիրո ջան, բայց քո նախաձեռնությունը մոտավորապես նման է այս իրավիճակին:
Հ.Գ. Ճիշտ է, արաբական աշխարհում, մասնավորապես՝ Պաղեստինում, Սիրիայում, Եգիպտոսում ընդունված է քաղաքական պայքար իրականացնել նույնիսկ զոհվածների թաղման օրերին և դագաղները ուսերին, բայց կարծում եմ՝ հայ ժողովուրդը նման իրավիճակներում այլ վերաբերմունք է ցուցաբերում: 
Դարձյալ կներես կարծիքս բարձրաձայնելու համար, բայց խնդրում եմ՝ իշխանափոխության ժամկետները վերանայես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել