Newsbook.am-ը գրում է
Երգիչ, ՀՀ մշակույթի նախարարի նախկին խորհրդական Մարատ Հայրապետյանն ապրում է Գլենդելում: Թե ինչու՞ բավական հարմարավետ պայմաններում տեղավորված երիտասարդ երգիչը, որը նաև հասցրել է գիտության թեկնածու դառնալ, թողեց Հայաստանն ու բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, չգիտենք, բայց որ նա այդ երկրում հռչակվել է աշխարհի ամենանշանավոր հայերից մեկը՝ հայտնի դարձավ մի քանի օր առաջ, երբ երգիչը նշեց իր ծննդյան 30-ամյակը:
Սովորաբար, նման «հոբելյաններ» չեն նշվում, որովհետև հազիվ թե մարդը հասցրած լինի այդ տարիքում այնպիսի ակնառու ու բացառիկ հաջողություններ գրանցած լինի, որ արժանացած լինի հրապարակային մեծարման: Բայց Մարատ Հայրապետյանը, հավանաբար, հենց այնպիսին է, որ նրա հոբելյանը պիտի դառնար Սփյուռքի ամենանշանավոր իրողություններից մեկը: Գլենդելի «Արբատ» սրահում տեղի ունեցած մեծարման երեկոյին երգչին շնորհավորել են Հայաստանից մեկնած ու ԱՄՆ-ում ապրող երգիչ-երգչուհիներ, ՀԱԵ էջմիածնական և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդներ, ԱՄՆ կոնգրեսի պատգամավորներ, Հայաստանի սոցապ նախարարն է ողջերթի խոսք ուղարկել:
Բայց այդ ամենը, պարզվում է, շատ քիչ է այն գնահատությունների համեմատ, որոնց մասին կարդում ենք ԱՄՆ-ից ուղարկված հաղորդագրության մեջ. «Մարատ Հայրապետյանն իր ակնառու ընդունակությունների և ձեռքբերումների համար ընտրված լինելով Փառքի միջազգային սրահի անդամ` պարգևատրվեց համապատասխան հավաստագրով: Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի կողմից ընտրված լինելով արտասահմանյան անդամ` նրան շնորհվեց ակադեմիկոսի կոչում: Միջազգային հանրության համար իրականացրած ակնառու ծառայությունների համար Հոնդուրասի կառավարությունը Մարատ Հայրապետյանին պարգևատրեց վաստակավոր ծառայության հատուկ պետական մրցանակով, որոնք հոբելյարին հանձնեց Քալիֆորնիայի պատվավոր քաղաքացի, համաշխարհային մեծության գիտնական, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, USC համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, ԱՄՆ-ում Հոնդուրասի գլխավոր պատվո հյուպատոս, լեգենդար Զորջ Չիլինգարը»:
Այստեղ, իհարկե, մեր ուշադրությունը սևեռվեց միջազգային հանրության համար իրականացրած ակնառու ծառայություններին և հատկապես այն հանգամանքին, որ Հոնդուրասի կառավարությունը վաստակավոր ծառայության պետական մրցանակ է շնորհել Մարատ Հայրապետյանին: Ե՞րբ է երիտասարդը եղել Հոնդուրասում, այդ ի՞նչ ակնառու ծառայություններ է մատուցել այդ երկրին, որի մասին մենք չգիտենք: Գուցե Հոնդուրասու՞մ էլ չգիտեն այդ մասին: Ընդամենը պատվո հյուպատոսը սիրաշահել է երգչին ու ինչ-որ վկայագիր է տվել: Այս ամենն, իհարկե, զավեշտ է, ծիծաղելի մի բան, սակայն ցավալի է, որ այս ձևով իսկական արժեքները մոռացության են տրվում, իսկ փուչիկները բարձրանում են երկինք: