Երկու խոսք
  
    Մենք հիրավի նման ենք հայտնի անեկդոտի այն հերոսներին, որոնք «Ռուսական պտուտակախաղը» «Մակարով» մակնիշի ատրճանակով են խաղում, իսկ հարյուրից-հարյուր ինքնասպան լինելու հնարավորությունը դիտարկում ենք իբրև համազգային կամքի, համարձակության և անձնազոհության բարձրագույն դրսևորում, չհաշված անխոնջ լավատեսությունը: Երբ գովազդային գործակալությունը հեգնական հումորով է վերաբերվում «Տիտանիկի» դատապարտվածությանը՝ բացատրելի է, ոմանց համար գուցեև ընդունելի, սակայն ինչպե՞ս հումորի տանք և ինչպե՞ս ընդունենք, մեր օրերում, երկրի առաջնորդների կողմից շրջանառության մեջ դրված պաշտոնական գովազդային հոլովակը՝ Հայաստանի Հանրապետության դատապարտվածության վերաբերյալ: Եվ քանզի հայ հասարակության մի ստվար հատվածը անչափ ուղղամտորեն է հասկացել Հակոբ Պարոնյանի խնդալու ցանկությունն ու Արամայիս Սահակյանի՝ «նաև ծիծաղելով պիտի հաղթենք» անմեղ տեսակետը՝ տրվելով «հայաթային» խրախճանքների տեսահոլովակային բումին, ապա խոսքն ուղղված է նրան, ով ֆիզիկական և հոգևոր քրքիջի հիստերիաներից զատ, երբեմն-երբեմն գոնե խորհելու ցանկություն և պահանջ է ունենում:
Տիգրան Հայրապետյան


ՓՐԿԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ համարժեք թերություններ ու առավելություններ ունեն, և նրանց քաղաքական առաջնորդների գործունեության արդյունքում է, որ նրանց մի մասը քաղաքակրթության մասն է կազմում, իսկ մյուսը հայտնվել է պատմության ետնամուտքերում:
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    … Որովհետև իրենց քաղաքականության տիտաններ կարծող առանձին անհատների կամ ազգային ապագայի նկատմամբ մենաշնորհի հավակնություններ ունեցող քաղաքական ուժերի հերթական անմիտ թելադրանքի ստրուկը, հետո նաև զոհը չենք ուզում դառնալ: Չենք ուզում, որ հայրենիքի անբաժանելի մասնիկի ու նրա բնակչության հանձնումը թշնամի-հարևանի ողորմածությունը հիմնավորվի մի խումբ արկածախնդիրների տհասության հետևանքով առաջացած աղետով, ինչպես որ չենք ուզում, որպեսզի ժողովուրդը զոհ դառնա պարբերական, բախտի քմահաճույքին հանձնված, ուստի անհեռանկարային պատերազմին, որովհետև անընդունելի ենք համարում զգացմունքայինության և անձեռնհասության վրա հիմնված ցանակացած եզրահանգում, իսկ առարկայական իրողությունների հիմնված դատողություններ անելու, առավել ևս որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ նվազագույն աշխատանքը, ձեռնհաս կառույցները ոչ ոք չի կատարել և չի կատարում, չի ունեցել և չունի՝ սկսած վարչակարգից մինչև հեղինակավոր կուսակցությունները: Եվ վերջապես ժամանակն է բռունցքով հարվածել պետական ու կուսակցական ինգնագոհ ու ինքնահավան առաջնորդների սեղաններին, որպեսզի նրանք հասկանան, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու այն արմատավորված անհեթեթությունը, երբ ոչ թե իշխանություններն ու կուսակցություններն են ծառայում հայրենիքին ու ժողովրդին, այլ հայրենիքն ու ժողովուրդն են ի սպաս դրվում նրանց նպատակներին ու շահերին, կամ առավել ևս նրանց նեղմիտ չափ ու չափանիշին: Եվ որ այլևս անհանդուրժելի է համակերպվել այն իրողության հետ, որ պատմության անցումային փուլերում մի խումբ քաղաքական դիլետանտներ բռնաբարում են սեփական ժողովրդին իրենց ոչ տրամաբանական գործողություններով ու որոշումներով, որպեսզի հետո հորջորջեն, թե սա պայքարելու ու հաղթելու ընդունակ ժողովուրդ չէ:
Յուրաքանչյուր ժողովուրդ ընտրության իրավունք ունի, եթե նույնիսկ այդ ընտրությունը կործանարար է՝ դա նրա ընտրությունն է: Կարող են սխալվել անհատները, հասարակության առանձին խմբեր, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում:
Տիգրան Հայրապետյան
  Երբեք չի՞ սխալվում…
     Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը, կամ որևէ ժողովրդի ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որը սկսվում է շատ ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում է թշնամին կամ կայացվում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: Տարբեր դարաշրջանների դրամատիկ իրադարձությունների միջև կա մի որոշակիորեն արտահայտված ընդհանրություն. Այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման և արժեքների կորստի ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ որակն են, և բնության կամ պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները:
     Հնագույն ժամանակներից ի վեր, լավագույն մտածողներն իրենց ժողովուրդների և պետությունների անկումը կապել են «աստվածային պատժի» գաղափարի հետ, որին արժանացել է այս կամ այն հասարակությունը նախևառաջ սեփական արատների պատճառով: Մարդկության տարրական նորմերի բացակայությունը, իշխանությունների անկարողությունը և ժողովրդի անկառավարելիությունը միշտ հանգեցնում են ճակատագրական արդյունքի: Հասարակությունը նախևառաջ հոգեվարք է ապրում ներսից, հետո միայն վրա է հասնում բնական աղետը կամ արտաքին թշնամին:
     Մեր պատմությունը քիչ բանով է տարբերվում մյուս ժողովուրդների պատմությունից: Խորենացին Արշակունյաց թագավորության անկումը չի կապում մեծ տերությունների խարդավանքի, երրորդ կամ այլ ուժերի, ներքին դժվարությունների հետ: Նրա վերլուծությունը խորն է և սպառիչ: Եթե կործանվում է պետականությունը, եթե «ամենավեհագույնը Հյուսիսային ազգերի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղավոր են բոլորը՝ արքայից մինչև ռամիկ, հասարակությունն ամբողջովին: Հասարակությունն ինքն է կռել իր ճակատագիրը. «որովհետև վերացան թագավորդ ու քահանան, խորհրդականդ ու ուսուցանողդ. Վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»: Նման արատներով վարակված ժողովուրդը դատապարտված է, և բոլորովին կարևոր չէ, թե ով է կատարելու դահճի դերը՝ Բյուզանդիան թե Պարսկաստանը, արաբները թե մոնղոլները, Ռուսաստանը թե Թուրքիան…
    Անցան դարեր, և Հայկական լուսավորչության ալիքը աշխարհ բերեց մտածողների նոր սերունդ, որը մոռացության մատնելով անցյալի իմաստնությունները, ստեղծեց որակապես նոր, ազգային փիլիսոփայություն: Իդեալականացված անցյալ, որի կործանման ողջ մեղքը դրվում էր ազգասեր անհատների և «հրեշավոր» հարևանների վրա: Ոչ մի խոսք ազգային ողբերգության իրական պատճառների մասին: Անծայրածիր երկրի պատրանք, որը փշրվել է ոչ մեր մեղքով և ոչ մեր մասնակցությամբ:
     Հաշվի չառնելով դարերի ընթացքում օտարի լծի տակ իր ազգային դեմքն ու հոգեբանությունն աղավաղված, տգիտության ու խավարի մեջ խարխափող ժողովրդի բնական թուլությունը, չունենալով ազգային- քաղաքական ձևավորված կենտրոն, անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական լծակներ Հյուսիսում և Արևմուտքում կրթված ու եվրոպական ազատագրական հովերով ոգևորված «մտածողները» ներքաշեցին ժողովրդին պատերազմի մեջ, բացեցին «Արևելյան խնդիրը», խաղալիք դարձան Մեծերի ձեռքին և արդյունքում ոչ միայն ձեռք չբերեցին ոչինչ, այլև մատնեցին Արևմտահայաստանի բնակչությանը և չկարողացան պաշտպանել Առաջին Հանրապետությունը:
     Դա արդեն հայ ժողովրդի պարտությունը չէր: Որովհետև ժողովուրդը կռվում էր իր ուժերի համապատասխան և հաղթում: Բայց մարտի դաշտում հաղթող ժողովուրդը տանուլ էր տալիս քաղաքականության մեջ: Չկար այն մտավոր, զորեղ ուժը, որը կօգտվեր այդքան թանկ տրվող հաղթանակներից: Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ որևէ ժողովրդի գոյության իրավունքը միայն զենքով հնարավոր չէ ապահովել:
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ՊԵՏՔ
 
    Միակ փրկությունը Ազգային Զարթոնքն է: Ազգային Ռեֆորմացիա և Վերածնունդ: Ռեֆորմացիա, որը պետք է ընդգրկի մեր ժողովրդի հետ առնչվող բոլոր խնդիրները՝ կրոն, ընտանիք, պատմական անցյալ, բարոյականություն, մտածելակերպ, հոգեբանություն, հասարակական հարաբերություններ, տնտեսական ոլորտ և քաղաքական համակարգ: Հասկանալի է, որ այդ շարժումը չի կարող սկսվել ներքևից: Ուրեմն ռեֆորմացիան պետք է իրականացվի վերևից, դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Քնատ վիճակում, դանդաղաշարժության ու ասիական գործելակերպի պայմաններում հնարավոր չէ Պետականություն կառուցել:  Մեզ անհրաժեշտ է որակական թռիչք կատարել, և դա կարող է իրականանալ միայն նոր ազգային արժեքների ձևավորման պայմաններում:
    Զարգացած կայուն հասարակությունը տարբերվում է նոր ձևավորվող, զարգացող հասարակությունից նրանով, որ եթե առաջինի համար բնորոշ է հասարակական գիտակցության առաջնայնությունը, ապա երկրորդի համար անհրաժեշտ է հստակ կողմնորոշիչներ, որոնք կարող են առաջ քաշվել լավագույն դեպքում ինտելեկտուալ ընտրախավի, իսկ վատթարագույն դեպքում՝ խարիզմատիկ առաջնորդի կողմից:
      Շրջանցելով մտավոր և շահամոլ քաղականան պայքարը, պետք է ինտելեկտուալ գերիշխանություն հաստատել Հանրապետությունում, որ կվերաճի քաղաքական իշխանության, ի դեմս այն կուսակցությունների, որոնք կսնուցվեն մտավոր կենտրոնի ամենօրյա աշխատանքների արդյունքներով: Ձևավորել համազգային ընդհանուր, մտավոր գործող միջավայր, որը բարձորակ մասնագետներ կտրամադրի և հիմնավոր ու իրատեսական ծրագրեր կպարտադրի ցանկացած վարչակարգի, որ անկախ այն բանից, թե որ կուսակցությունը ներակայացված կլինի նրանում: Սա մեկընդմիշտ կվերացնի անփոխարինելի առաջնորդների և կուսակցությունների առասպելը, որը հատուկ է միայն թերի զարգացած հասարակություններին, անհաղթահարելի արգելք կդառնա իշխանությունը մենաշնորհելու կամ խմբակային ու նեղ կուսակցական շահերին ծառայեցնելու հավակնություն ունեցող ուժերի ճանապարհին:
   
Ես ընտրելու իրավունք ունեմ եվ ես ընտրում եմ չընտրելը
Աննա Գսպոյան
Ես կրթության իրավունք ունեմ, իսկ իմ կրթությունը ինձ չընտրելու հնարավորություն է տալիս:  Ես չեմ ընտրելու որևէ քաղաքական ուժի և անվերապահորեն նրան իմ փրկիչը չեմ համարելու, որովհետև որքան թեթևությամբ նա բազմելու է նախագահական աթոռին, նույնքան թեթևությամբ էլ հիմնահատակ ավերելու է երկիրը: Միակ ելքը կրթությունն է, համազգային կրթությունը, գիտակցված, խորիմաստ հասարակության ստեղծումը, որտեղ յուրաքանչյուր անհատ կհասկանա, որ յուղ ու մեղր են բաժանում միայն ընտրություններից առաջ, իսկ ընտրություններից հետո, երբ ժողովուրդը նվնվում է, թե այլյուր չունի հաց թխելու համար, արդեն «ընտրված» քաղաքական մարմինները՝ նախագահական, պատգամավորական աթոռներին թիկնը տված, տեսախցիկների առջև ելույթ են ունենում, թե «Եթե ժողովուրդը հաց թխելու այլուր չունի, ապա թող քաղցրաբլիթներով  հագեցնի քաղցը»:

Աննա Գսպոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել