Shamshyan.com-ը գրում է․
Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 14:00-ից 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշով մեքենա վարելու համար Audi մակնիշի ավտոմեքենան:
Այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս վարորդը և իր մոտ եղած հրազենը ուղղում է ՃՈ աշխատակիցների վրա, այդ ժամանակ այդտեղ են ժամանում նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները, և Audi-ի «ծալապակաս» վարորդը նրանց վրա էլ է պահում հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 10 րոպեից ավել ոստիկանները փորձում են բանակցությունների արդյունքում զինված երիտասարդին համոզել, որ հանձնի զենքը, սակայն նա սկսում է սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին:
Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկան Ա. Ղազարյանը կարողանում է «բաշիբոզուկին» վնասազերծել, և նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին: Բաժին է տեղափոխվում նաև Audi մակնիշի 06 UO 708 համարանիշի ավտոմեքենան:
Արմավիրցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, եթե գայի էտ տղեն պրոֆեսիոնալ ձևի չվնասազերծեր զինված երիտասարդին, ապա նա անկանոն կարողա կրակոցներ արձակեր և դրա արդյունքում տուժեին և ոստիկանները, և քաղաքացիները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ «բաշիբոզուկ»-ը Արմավիրի հիվանդանոցի բժիշկներից Դավթյանի տղան է: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն:



