Բաց նամակ ՀՀ Նախագահին մշակույթի գործիչների կողմից.
Մեծարգո պարոն Սարգսյան,
Ընդունեք մեր ցավակցությունն ականավոր երգահան և հասարակական գործիչ, իսկական հայ Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ։ Դեռ երկար աշխարհի բեմերից չեն իջնելու իր երկնած երաժշտական գլուխգործոցները, իսկ Հայաստանի մշակութային կյանքին իր բերած ավանդը դժվար է գերագնահատել։
Նա շատ է ստեղծել իր երկար ու արգասաբեր կյանքի ընթացքում, սակայն այդ շարքում հատուկ տեղ է գրավում իր նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ կառուցված Կոմպոզիտորների ստեղծագործական տունը Դիլիջանում։ Այն տարիներին Տունը մշակույթի միջազգային կենտրոն էր հանդիսանում։ Ստեղծագործելու ու հանգստանալու համար այստեղ էին գալիս Չինգիզ Այթմատովը, Մարսել Մարսոն, Բենջամին Բրիթենը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Մարտիրոս Սարյանը, մշակույթի միջազգային ընդգրկման շատ այլ ներկայացուցիչներ, իսկ այնտեղ կառուցված Բեթհովենի անվան համերգային դահլիճը աշխարհի լավագույններին չի զիջում իր ակուստիկ հատկանիշներով։
Ձեզ ենք դիմում, խնդրելով Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանել Էդվարդ Միրզոյանի պատվին։ Դա արժանի քայլ կլինի՝ հավերժացնելու հիշատակը մի մարդու, որն այն կառուցել է: Այդ քայլը միաժամանակ կնպաստի մշակույթի տաճարին երբեմնի նշանակությունն ու գործունեության ակտիվությունը վերադարձնելու գործըթացին։ Այդ որոշումը կարժանանա հայ և միջազգային հասարակության բարձր գնահատականի։ Մենք ծանոթ ենք և բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի մտավորականության ստեղծագործական գործունեության հանդեպ։ Վստահ ենք, որ Դուք սատարում եք բարի նախաձեռնություններին ու ավանդույթներին, ուստի և հենց Ձեզ ենք հասցեագրում այս նամակը։
Վալերի Գերգիև, Մայա Պլիսեցկայա, Ռոդիոն Շչեդրիրն, Ալեքսեյ Սիմոնով, Ալեքսանդր Թորաձե, Յուրի Բաշմետ, Կոնստանտին Օրբելյան, Գիա Կանչելի, Սերգեյ Համբարձումյան, Տիգրան Մանսուրյան, Պերճ Զեյթունցյան, Էդուարդ Թադևոսյան, Կարեն Դուրգարյան, Սոս Սարգսյան, Հովհաննես Չեքիջյան



