Տեխնոլոգիական դարաշրջանում մարդիկ գրեթե ամեն ինչ կարող են անել առցանց՝ առցանց գնումներ, սեր, սեքս, իսկ հիմա էլ՝ ծննդաբերություն։ Վերջին տարիներին բազմաթիվ մայրեր տեսագրում են ոչ միայն իրենց հղիության ընթացքը, այլև երեխայի ծնունդը, սակայն քչերն են, որ այդ ինտիմ տեսանյութերով կիսվում են ողջ աշխարհի հետ։ Ջեմմա Վոգհանն այդ քչերից է։

Ջեմման Օլիվերի հետ
Նրա որդի Օլիվերը ծնվեց անցյալ տարի։ Ջեմման ցանկանում էր նկարահանել ծննդաբերության ողջ ընթացքը, սակայն նրա ամուսին Մեթյուն դեմ էր դրան, ուստի նրա ծննդաբերությունը միայն մասամբ հայտնվեց տեսախցիկների օբյեկտիվում։ Օլիվերի ծննդից մի քանի օր անց նրա մայրիկը հրապարակեց տեսանյութը «YouTube»-ում։ Այս 39 րոպեանոց տեսանյութն ավելի քան 16,000 դիտում հավաքեց։ Ջեմման դեռևս հղիության կեսերից էր սկսել վիդեոբլոգ պահել։

Առաջին երեխայով հղիանալուց ընդամենը երեք ամիս առաջ նրա մոտ վիժում էր եղել, և կինը ծանր ցնցում էր ապրել։ Սթրեսը հաղթահարելու հարցում նրան օգնեց «YouTube» կայքը՝ իր բազմաթիվ օգտատերերով։ Նա դիտում էր տեսանյութեր, հրապարակում սեփական տեսանյութերը, մեկնաբանում ու ընթերցում այլոց մեկնաբանությունները։ Երկրորդ երեխայի ծնվելու ժամանակ նա արդեն բաժանվել էր իր ամուսնուց, ուստի ոչ ոք այլևս չէր կարող նրան հետ պահել ծննդաբերության ողջ ընթացքը նկարահանելու մտքից։

Ջեմման ու Օլիվերը 3 տարի անց
Հարցազրույցներից մեկի ընթացքում Ջեմման նշել է.
Երկրորդ հղիությանս ընթացքում ես ամեն օր ավելացումներ էի կատարում իմ վիդեոօրագրում ու ցանկանում էի, որպեսզի ծննդաբերությունս ևս տեսագրվեր։ Ես իմ քույր Լաուրային խնդրեցի, որպեսզի նա չտեսագրեր ամենաինտիմ մանրամասները, սակայն նա չլսեց իմ խնդրանքը, և հիմա ես նույնիսկ ուրախ եմ դրա համար։


Հատվածներ Ջեմմայի ծննդաբերության տեսանյութից
Ջեմման նշել է, որ չի մտահոգվում, որ բազում օտար տղամարդիկ տեսել են իրեն մերկ վիճակում։ Նա ասել է, որ միշտ կրծքերը դիտարկել է ավելի շուտ իբրև բալիկներին կերակրելու միջոց, քան մարմնի սեքսուալ հատված։

Ջեմման ու Էմիլին իրենց բալիկների հետ
Ներկայումս ինտերնետում մոտ 1.3 միլիոն տեսանյութ կա, որոնցում պատկերված է տարբեր կանանց ծննդաբերության ընթացքը։ Այդ ծննդաբերությունների մի մասը տեղի է ունենում հիվանդանոցի ստերիլ պայմաններում, մյուսները՝ տնային պայմաններում, լողավազաններում և անգամ պարտեզներում։ Տեսանյութերից շատերն այնքան գեղագիտորեն են մատուցվում, որ հուզիչ գեղարվեստական կինոնկար են հիշեցնում, սակայն կան և այնպիսիք, որոնք այնքան շատ սարսափազդու մանրամասներ են պարունակում, որ 18+ հոլովակ կամ էլ սարսափ ֆիլմ են հիշեցնում։ Շատերի գլխում ուղղակի չի տեղավորվում, թե ինչը կարող է ստիպել կանանց տեսագրել ու դեռ ինտերնետում տեղադրել իրենց ծննդաբերության ընթացքը։ Յուրաքանչյուր կին այդ քայլին գնալու իր պատճառներն ունի։ Ջեմմայի՝ տեսաբլոգ բացելու դրդապատճառը վիժման սթրեսից ձերբազատվելն էր։ Շատ մայրիկներ արզապես ցանկանում են կիսվել աշխարհի հետ իրենց կենսափորձով ու օգնել այլ մայրիկներին։ Որոշ կանայք այս կերպ քարոզում են երեխայի ծնունդը բնական ճանապարհով ու անհարկի կեսարյան հատման հակագովազդ են իրականացնում իրենց տեսանյութերի օգնությամբ։ Կան սակավաթիվ կանայք, ովքեր գումար են աշխատում դիտումների շնորհիվ։

Ջեմման իր նախկին ամուսնու հետ
Ջեմման նշել է, որ երեխայի ծնունդն իր կյանքի ամենանշանակալից պահերից է։ Հենց դրա համար էլ նա ցանկացել է տեսագրել այդ բերկրալից պահերը։ Նա ասում է, որ տեսագրությունը հնարավորություն կտար նաև հայտնաբերել բուժաշխատողների հնարավոր սխալները։ Նա կիսվում է նաև հետծննդաբերական տեսանյութերով ու խորհուրդներ տալիս անփորձ մայրիկներին ու մայրանալ պատրաստվող կանանց։

Վիդեոբլոգեր քույրիկները
Ջեմմայի կրտսեր քույրը՝ 21-ամյա Էմիլին, ոգեշնչվել է նրա համարձակ քայլից ու որոշել հետևել քրոջ օրինակին։ Նա ևս տեսագրեց իր դուստր Ինդիանայի ծնունդը։ Փոքրիկն այժմ արդեն 16 ամսական է, իսկ Էմիլին կրկին հղի է։ Նրա երկրորդ բալիկը կծնվի օգոստոսին։ Էմիլին ու Ջեմման պայմանավորվել են, որ Ջեմման ծննդաբերության օպերատորն է լինելու։

Էմիլին սկսեց իր հղիությունը լուսաբանել «YouTube»-ում, երբ հղիության 27-րդ ամսում էր։ Նա ասում է, որ սկզբում տատանվում էր տեսանյութերը հրապարակելու հարցում, սակայն նրա ամուսինն ամեն կերպ խրախուսում էր նրան։ Էմիլիի առաջին ծննդաբերության օպերատորը Լաուրան էր։ Այս տեսանյութը ևս տեղ գտավ համացանցում։ Անշուշտ, գտնվեցին մարդիկ, ովքեր բացասաբար արձագանքեցին դրան, սակայն դրական մեկնաբանություններն ակնհայտորեն գերակշռում էին։

Ի տարբերություն մեր նախորդ հերոսուհիների՝ 25-ամյա Ռեբեկա Մելդրումն իր դուստր Ֆլորենսի ծնունդը նկարահանել էր միայն իր ու ամուսնու համար, սակայն հետագայում որոշեց տեղադրել այն համացանցում։
Ինձ թվաց, որ իմ տեսանյութը կարող է դրական ուղերձ հանդիսանալ և դրդել կանանց բնական ճանապարհով երեխա ունենալ։ Ես շարունակեցի տեսանյութեր տեղադրել մայրության մասին։ Ներկայումս ես շաբաթական 2 տեսանյութ եմ տեղադրում: Ես սկսել եմ մի քիչ փող աշխատել։ Որոշ ընկերություններ զանգահարում են ինձ ու խնդրում տեսանյութերումս ներկայացնել իրենց արտադրանքը։ Ես կայուն եկամուտ չեմ ստանում վիդեոբլոգիցս։ Որոշ ամիսների ես ընդամենը 10 ֆունտ ստեռլինգ եմ աշխատում, սակայն լինում են նաև ամիսներ, երբ եկամուտս հասնում է 2.000 ֆունտ ստեռլինգի։

Ռեբեկան ծննդաբերությունից անմիջապես հետո
Ըստ հոգեբանների՝ ծննդաբերության պես դրական ու էմոցիոնալ կենսափորձի տարածումը համացանցում որոշ առումով օգտավետ է։ Ինտերնետային հոգեբան Գրահամ Ջոնսն ասել է, որ կանայք ջերմություն ու սատարում են զգում այն մարդկանցից, ովքեր դիտում են իրենց տեղադրած տեսանյութերը։ Դրական մեկնաբանությունները բարձրացնում են համարձակ մայրիկների ինքնավստահությունը։ Մյուս կողմից էլ հետծննդաբերական շրջանը կանանց մոտ շատ էմոցիանալ շրջան է, որի ընթացքում նրանց հորմոնալ ֆոնի բարձրացում է նկատվում։ Կյանքի այդ փուլում ցանկացած բացասական մեկնաբանություն կարող է սթրեսների պատճառ դառնալ։ Նախքան նմանատիպ տեսանյութերի հրապարակումը կանայք պետք է նաև մտածեն իրենց երեխաների արձագանքի մասին։ Այդ կանայք պետք է իրենք իրենց հարցնեն, թե արդյո՞ք իրենք կցանկանային, որ իրենց մայրերը տեսագրած լինեին իրենց ծնունդը։ Եթե հետագայում երեխան բացասաբար վերաբերվի մոր՝ իր ծնունդը հանրայնացնելու նախաձեռնությանը, դա կարող է մոր ու երեխայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ հանդիսանալ։ Հավանական է, որ երեխան չցանկանա, որպեսզի հազարավոր օտար մարդիկ իր ծննդի ականատեսը դառնան։



