Araratnews.am-ը գրում է.
Օրեր առաջ Վայոց ձորի Չիվա գյուղի բնակիչների վրա հարձակված գայլերի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: «Բնապահպանության նախարարության հետ բնապահպանները եկել են այն համոզման, որ գայլերի ու վայրի կենդանիների հանդեպ պետք է վերահսկողությունը մեծանա: Մեծ կարևորություն է ներկայացնում նաև բնապահպանության նախարարության այն որոշումը, ըստ որի՝ գայլերի համար կեր հանդիսացող կենդանիների որսը պետք է արգելվի: Գայլերը սոված են մնում, այդ իսկ պատճառով մեր գյուղերում պարբերաբար կրկնվում են գայլերի կողմից հարձակումները տնային կենդանիների վրա: Կրակելով գայլերի վրա՝ մենք չենք լուծի այս խնդիրը»:
Հայաստանում գայլերի համար գոյատևման խնդիր է դրված, հայտնեց բնապահպանը: «Այս կենդանիները փորձում են իրենց բնակավայրերը պահպանել, կեր հայթայթել: Դա ապահովել չկարողանալով՝ գայլերը դիմում են գյուղերի վրա հարձակմանը: Ինչ վերաբերում է մարդկանց վրա հարձակվող գայլերին, ապա դրանք ոհմակից դուրս եկող ծեր ու թույլ գայլերն են, որոնք ուզում են ինքնուրույն կենսակերպ ապահովել: Գայլի սննդակարգը կապ չունի մարդկանց վրա հարձակվելու հետ»:
Բնապահպանները առաջարկում են Կառավարությանը՝ էլեկտրոնային չոբաններ տեղադրել որոշ մարզերի գյուղերում: «Ճիշտ է, շատ ծախսատար են էլեկտրոնային չոբանները, սակայն, դրանք տեղադրելուց հետո մենք այսպիսի խնդիրների առջև չենք կանգնի, ոչ մի գյուղացի կենդանու կորուստ չի ունենա, գայլերն էլ չեն հարձակվի մարդկանց վրա»:



