► Այդպիսին է մեր սիրտը, որ գիտի զրկել իրեն ամեն ինչից, դիմանալ ամեն ինչի, որպեսզի մենք ապրել կարողանանք:
► Ոչ միայն մեր ժողովրդի, այլև ամբողջ մարդկության փրկությունը սկիզբ է առնում յուրաքանչյուր զինվորի խրամատից, հրակնատ փակած նրա կրծքից:
► Ծիածանը մարդկային երազանքն է, իսկ երազանքը սև գույն ունենալ չի կարող:
► Ձվից նոր դուրս եկած ճտին միշտ էլ թվում է, եթե ինքը չլիներ, աշխարհն այդպես էլ մութ էր մնալու:
► Երբեմն առաջին քայլդ սխալ է լինում, որը անպայման ուղղելու էիր երկրորդում, բայց կյանքդ ընդհատվում է, ու ցավալիորեն անուղղելի է մնում առաջին տպավորությունը: Եվ այդպես էլ չես իմանում, որ զրկվել ես մի շատ լավ անձնավորությունից, որ վաղը մտերիմ է դառնալու, և որին կարող էիր վստահել նաև ճակատագիրդ:
► Բերանի կամքը կատարողը կարող է զրկվել գլխից:
► Մայրերը ոչինչ չեն մոռանում ու եթե մոռանում էլ են, միայն ու միայն իրենց:
► Ուզում ես հազար տարի էլ ապրի, կյանքը դարձյալ կիսատ է մնալու:
► Դահճի պարանը իր տիրոջից ավելի խելոք է, հենց բերողին է կախում:
► Մեռնելն ի՞նչ, ամեն տեղ, ամեն ժամանակ, ամեն առիթով էլ կարելի է մեռնել, նույնիսկ հարսանիքի ժամանակ: Բայց հիմա իսկական կյանքը թշնամու մահը տեսնելն է:
► Գիտե՞ս, թե հույսն ինչ բան է. գարնան խոտ է, ուզում ես՝ քար դիր վրան, մեկ է՝ կողքից դուրս է գալու:
► Երևի նա, ով այլևս առաջ նայելու ուժ չունի, մի առանձին կարոտով է ետ նայում՝ տեսնելու համար, թե ինքն ինչպիսի ճանապարհ է անցել և ում հետ:
► Մարդ ինչ անի, այն էլ մի օր իր առաջն է գալու:
► Հատուցումը կարող է ուշանալ, բայց չգալ չի կարող:
► Աշխարհում կան արարքներ, որոնք անհնար է ներել նույնիսկ մահից հետո:
► Ինչ էլ որ դառնաս, զինվոր լինելը պարտադիր է:
► Այսօրվա զոհվածը վաղը տասը մարդու կյանք է փրկելու:
► Կաղնին արտասվում է հզորությունից:
► Մի գեղեցիկ օր էլ դու ես ճաշակելու առաջին սիրո տառապանքը, առանց որի երջանկություն չկա:
► Խուսափեք մենակությունից, ասեք, խոսեք, սրամտեք ու ծիծաղեք, դա բարձրացնում է կյանքի դիմադրողականությունը:
► Պարանը երկու ծայր ունի, մեկով եթե գողություն ես անում, մյուսից կախելու են:
► Ներում, գթասիրտ են լինում մոլորյալի, այլ ոչ թե դահճի նկատմամբ:
► Երկուսով մեռնելը հարսանիք է… Ո՛չ, հազար անգամ ոչ, հիմա երկուսով ապրելն է հարսանիք:
► Եկեղեցին մեզ հորդորում է ներել թշնամիներին… Ի՞նչ անել, թող աստված ում ուզում է ների, բայց ես նրանց ներել չեմ կարող:
► Ասում են, անընկեր մարդը նման է այն աղբյուրին, որից ոչ ոք ջուր չի խմում: Բխում է իր համար, խոխոջում՝ դարձյալ իր համար: Ոչ ինքն է ուրիշի ծարավը կոտրում, ոչ ուրշն է խնամքով դեն քշում մամուռները: Ու մի օր էլ ճահճանում է ու խեղդվում ինքն իր ջրի մեջ:
► Թող աշխարհում ոչ մեկի բախտը չկիսվի, թող կիսվի միայն սերն ու հացը: Դրանք կիսվելով են մարդկանց կապում իրար:
► Մեր թուրը երբեք չի փայլատակելու մանկական օրորոցների վրա, որովհետև մանկությունը ոչ մի տեղ հակառակորդ լինել չի կարող:
► Աշխարհում փոքր ժողովուրդներ չկան, ժողովրդի մեծությունը բնավ չի չափվում նրա քանակով:
► Երբ չեն սպասում, կորցրածը ոչ մի ցավ չի պատճառում:
► Միայն զենքով նվաճած հաղթանակը չի կարող երկար տևել:
► Պետք է ապրել:
► Եթե ինչ-որ բանում սխալվել ես, հարկավոր է շտկել: Երբեք աչք չփակես ո՛չ ուրիշի, ո՛չ էլ քո բացերի հանդեպ: Այդպիսի գիտակցված կուրությունը կարող է ավարտվել ողբերգությամբ:
► Հենց որ հարձակվողին ստիպեցիր անցնել պաշտպանության, կնշանակի նրա աչքի մեկը փախչելու վրա է:
► Ծնկաչոք համբուրում են միայն դրոշի եզրը, մեկ էլ արտասվում հարազատի շիրիմի վրա:
► Զրկվել ամեն ինչից և անտարբեր մնալ զրկվածի նկատմամբ, հիմարի բնավորության կայուն գծերից է:
► Հենց որ հարձակվողին ստիպեցիր անցնել պաշտպանության, կնշանակի նրա աչքի մեկը փախչելու վրա է:
► Ուրիշի հողում անհնար է երջանիկ լինել:
► Միայն կույրն է երկու անգամ նույն ջրհորն ընկնում:
► Փոքրաթիվ ազգին ոչնչացնելու ամենակարճ ուղին՝ նրան իր անցյալից կտրելն է:
► Հայը, այդքան քարեր ունենալով հանդերձ, ոչ մի հարևանի վրա քար չի նետել, այդքան քիչ ջուր ունենալով, հարևանին էլ է բաժին հանել, համարյա մի բռաչափ երկինք ունենալով, մտահոգվել է նաև ուրիշների աստղերի ճակատագրով, անթիվ վերքեր է ստացել, բայց երբեք ո՛չ հիշաչար է եղել, ո՛չ էլ ոխակալ, այլ մարդկայնորեն հիշել ու հատուցել է:
► Ժողովուրդն ասում է՝ որքան էլ ճիշտ հաշվես, էլի մեկը պակասում է:
► Ասում են, մեկին երկու երջանկություն չի հասնում:
► Կուզենայի հանդիպել այն մարդուն, ով առաջինն է ասել, թե հաղթողները չեն արտասվում: Ո՛չ, արտասվում են, այն էլ երեխայի պես:
► Ցավը գաթա չէ, որ սրան-նրան բաշխես ու թեթևանաս: Դա մարդու անձնական սեփականությունն է:
► Երբ մեկը դրժում է իր ուխտը, այսինքն՝ ուխտադրուժ է դառնում, մյուսը անակնկալի գալով, չի կարողանում միանգամից հավաքել իր ուժերը նրան արժանի պատասխան տալու համար:
► Տարբեր բաներ են առաջ շարժվելը և հաղթելը: Երբեմն մարդը սրընթաց գնում է դեպի իր կործանումը, բայց հաղթելու պատրանք է ունենում:
► Հայրենիքին իր կյանքը զոհաբերած յուրաքանչյուր զինվոր երկրի վրա անմահություն է դառնում, երկնքում՝ աստղ:
► Ծննդավայրը, եթե նույնիսկ մոխրացել է, միևնույն է, մարդուն ձգում է:
► Աշխարհում ավելի քիչ ողբերգություններ կլինեին, եթե ամեն մարդ բարի գործով ապացուցեր իր աշխարհ գալու անհրաժեշտությունը:
► Մայրերը մեղք են, թող էլ երբեք պատերազմ չլինի…