1 Երկնաքարերի աղետալի բախումներից պաշտպանվելու համար

Եթե մենք չենք ցանկանում մի օր դինոզավրերի ճակատագրին արժանանալ, ապա պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել հսկայական երկնաքարերի վտանգից։ NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերագնացության գործակալություն) համաձայն՝ ամեն 10,000 տարին մեկ ֆուտբոլի դաշտի մեծության քարե կամ երկաթե երկնաքար կարող է բախվել մեր մոլորակի մակերեսին, որի առաջացրած ալիքները բավականաչափ ուժգին կարող են լինել ծովափնյա շրջանների՝ ջրի տակ անցնելու համար։
Սակայն մենք պետք է վախենանք 100 մետր ու ավելի մեծ երկնաքարերից, որոնց բախումը կարող է տաքացած մասնիկների պատճառով հրե փոթորիկ առաջացնել՝ մթնոլորտը լցնելով արեգակի ճառագայթները փակող փոշով, որը կարող է Երկրի երեսից ջնջել անտառներն ու վարելահողերը՝ սովի մատնելով մարդկանց ու կենդանական աշխարհը, որոնց այն միանգամից չի սպանի։ Տիեզերական ուսումնասիրությունները մեզ հնարավորություն են տալիս շատ ավելի վաղ նկատել վտանգավոր երկնային մարմինները և, տիեզերական սարքեր ուղարկելով, պայթեցնել ու կանխել Երկրի հետ դրա բախումը։
2 Նոր մեծ հայտնագործություններ իրականացնելու համար

Բազմաթիվ նորագույն սարքավորումներ, նոր նյութեր ի սկզբանե ստեղծվել են ամերիկյան տիեզերական նախագծերի համար, սակայն դրանք, ի վերջո, սկսել են արդյունավետորեն օգտագործել նաև Երկրի վրա։ Այնքան հաճախ, որ NASA-ն նույնիսկ առանձին գրասենյակ ունի, որտեղ տիեզերական տեխնոլոգիաները վերամշակվում են՝ Երկրի վրա արդյունավետորեն օգտագտագործման նպատակով։ Մենք բոլորս էլ գիտենք սառեցված սննդի մասին, սակայն բազմաթիվ այլ հայտնագործություններ կան, որոնք մենք օգտագործում ենք, և որոնք արվել են տիեզերական ուսումնասիրությունների ու նախագծերի շնորհիվ։
1960-ականներին NASA-ի գիտնականները ստեղծեցին մետաղական արտացոլանքով պատված պլաստիկ։ Ծածկոցներում օգտագործվելու ժամանակ այն հետ է արտացոլում օգտագործողի մարմնի ջերմության 80 տոկոսը, ինչը հնարավորություն է տալիս դժբախտ պատահարների զոհերին ու վազորդներին մարաթոնից հետո պահպանել մարմնի ջերմությունը։
Մեկ այլ ոչ անքան պարզ, սակայն կարևոր հայտնագործություն է նիթինոլը՝ ճկուն ու առաձգական ամուր խառնուրդ, որը ստեղծվել է հրթիռային կառուցվածքով ծալված արբանյակների ստեղծման համար, որոնք այնուհետև հեշտությամբ փոխակերպվում են բացվելով։ Այսօր օրթոդոնտներն իրենց հիվանդներին այս նյութից պատրաստված ատամների կապպաններ են տալիս՝ ատամների ուղղման նպատակով։
3 Առողջապահության համար

Միջազգայի տիեզերակայանը բազմաթիվ կարևոր հայտնագործություններ է կատարել, որոնք օգտագործվում են Երկրի վրա, ինչպես օրինակ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով ուղղակիորեն քաղցկեղային ուռուցքների վրա ազդեցություն թողնող դեղորայք, հատուկ սարքեր, որոնց շնորհիվ բուժքույրերը կարող են ուլտրաձայնային հետազոտություն իրականացնել ու արդյունքները միանգամից ուղարկել հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող բժշկին, ռոբոտային ձեռք, որը կարող է զգուշորեն վիրահատություններ իրականացնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ։
NASA-ի գիտնականները տիեզերագնացներին ոսկրերն ու մկանները տիեզերքի միկրոգրավիտացիոն միջավայրից պաշտպանելու համար օգնել են դեղագործական ընկերություններից մեկին թեստավորել Պրոլիա կոչվող դեղը, որն այսօր օգտագործվում է օստեոպորոզից տառապող մեծահասակաների համար։ Այս դեղն ավելի հեշտ էր փորձարկել տիեզերքում, քանի որ տիեզերագնացներն ամեն ամիս կորցնում են իրենց ոսկորների 1.5 տոկոսը, մինչդեռ մեծահասակ կանայք իրենց ոսկորների 1.5 տոկոսը կորցնում են ողջ տարվա ընթացքում օստեոպորոզի ժամանակ։
4 Տիեզերական հանքերից նյութեր ձեռք բերելու համար

Տիեզերքում ոսկի, արծաթ, պլատին ու այլ արժեքավոր նյութեր կան, որոնք կարելի է ձեռք բերել երկնաքարերը որպես հանքավայրեր օգտագործելու դեքում։ Լուսինն, օրինակ, հելիում-3-ի (օգտագործվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորումներում և ատոմակայանների համար ծառայում որպես էներգիայի աղբյուր) պոտենցիալ շահավետ աղբյուր է, որի լիտրը 5000 դոլար արժե։ Լուսնի վրա կարելի է գտնել նաև Երկրի համար հազվագյուտ այնիսի նյութեր, ինչպիսին եվրոպիումն ու տիտանիումն են, որոնք օգտագործվում են էլեկտրոնիկայի արտադրության, արեգակնային էներգիայի վահանակների ու այլ նորագույն սարքավորումների արտադրության մեջ։
5 Մեծ հարցերին պատասխաններ գտնելու համար

Ինչպես ցույց են տվել հարցումները, շատերը հավատացած են, որ ինչ-որ տեղ տիեզերքում կյանք գոյություն ունի, ոմանք էլ նույնիսկ հավատացած են, որ այլմոլորակայիններն արդեն այցելել են Երկիր։ Սակայն մինչ այժմ իրականացված տիեզերական հետազոտություններն անպտուղ են։ Այժմ գիտնականները նոր, ավելի զարգացած տիեզերական սարք են ստեղծել, որը պլանավորվում է բաց թողնել 2018թ-ին՝ արեգակնային համակարգից դուրս, հեռավոր մոլորակների մթնոլորտում կյանքի քիմիական նշաններ գտնելու համար։ Տիեզերքի հետազոտությունները մեզ հնարավորություն կտան հասկանալ՝ արդյո՞ք մենք միայնակ ենք տիեզերքում, թե՞ այլմոլորակային քաղաքակրթություններ նույնպես գոյություն ունեն։



