Մեծ պահք, օր երեսունութերորդ
Երբ Հիսուսը և իր աշակերտները Երիքովից դուրս էին ելնում, մի մեծ բազմություն գնաց նրա հետևից։ Ճանապարհի եզրին նստած երկու կույրեր, երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, սկսեցին աղաղակել.
- Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի։
Ժողովուրդը սաստեց նրանց, որ լռեն, բայց նրանք շարունակեցին աղաղակել
ավելի բարձր ձայնով։
Հիսուսը կանգ առավ, իր մոտ կանչեց կույրերին և հարցրեց.
- Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար։
Նրանք պատասխանեցին.
- Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն։
Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Կույրերն իսկույն տեսան և գնացին
Հիսուսի հետևից։
(Մատթեոսի ավետարան 20:29-34)
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք… Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցեք ա՛յն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծու խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Հիսուս Քրիստոսին:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպպեցիներին 4:4-7)



