Ի՜նչ ասես լսել ու կարդացել էի Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներում, հատկապես էս վերջին մի քանի ամսում։ Էլ նեղված ու իրեն ժայռից գցող հայ զինվորի մասին, էլ դիրքերում համածառայակիցների կողմից սպանված ու... հենց բլինդաժում թաղված զինվորի մասին, էլ մեր բազմամիլիոնանոց զոհերի մասին... Բայց ադրբեջանական «առաջատար» կայքերից մեկի մոգոնած հեքիաթը դժվար թե համեմատվի մինչ այս եղած բոլոր այլ հորինվածքների հետ։

Ուրեմն, իբր ընդդիմադիր Էյնուլլա Ֆաթուլաևն իր տխրահռչակ ռեսուրսում «սենսացիոն» լուր ա մոգոնել, իբր Արցախի Թալիշ գյուղում փոխհրաձգություն է եղել գյուղացիների ու հայկական հատուկ նշանակության ջոկատի միջև, քանի որ գյուղացիները փակել են ճանապարհն ու թույլ չեն տվել, որպեսզի սպեցնազի մարտիկները գնան ու ադրբեջանական բանակի դեմ դիվերսիոն գործողություն իրականացնեն։ Արդյունքում, իբր քաշքշուկ է ծագել, որը վերաճել է փոխհրաձգության, ինչի հետևանքով երկու գյուղացի զոհվել է։ Հա, ու ամենազավեշտալի դրվագն այս հեքիաթի մեջ. ուրեմն, բադրջանների քարոզչական հանճարն այնպիսի վեհ բարձունքների էր հասել սա մոգոնելիս, որ նույնիսկ «հարցազրույց են» վերցրել ոչ ավել, ոչ պակաս Թալիշի գյուղապետից, ով իբր գանգատվել է, որ ամեն նման գործողությունից հետո գյուղը դառնում է ադրբեջանական զորքերի թիրախ... 

Կարծում եմ, որ նույնիսկ ամենամիամիտ հայ ընթերցողին կարիք չկա բացատրել, որ այս պատմությունը ոտքից գլուխ հորինվածք է։ Ոչ մի բախում չի եղել, ոչ ոք չի զոհվել, ոչ մի հարցազրույց Թալիշի գյուղապետը չի տվել... Այս պատմությունն ակնառու է միայն նրանով (իհարկե, բացի նրանից, որ ծայրից ծայր սուտ է), որ հեղինակի երևակայության մեջ այս հեքիաթը գրելու համար հիմք են հանդիսացել հենց Ադրբեջանում տեղ գտած համապատասխան միջադեպեր։

Հիշո՞ւմ եք, երբ ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել էն խեղճ Կարեն Պետրոսյանը, ում հետագայում սպանեցին ամենավայրենի ձևով։ Եթե թերթեք այդ օրերի լրահոսը, ապա կգտնեք բազմաթիվ հրապարակումներ ու նույնիսկ տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի սահմանամերձ գյուղի բնակիչները բախվում զինվորականների հետ, ովքեր եկել են տանելու Կարենին, որովհետև գիտակցում են, որ հայերն իրենց հերն էլ են անիծելու էդ գերու համար։

Կամ մեկ այլ դրվագ կրկին անցած տարվա բախումներից. օգոստոսյան էսկալացիայի ամենասուր ֆազայի ավարտից հետո էլի ադրբեջանցիներն էին, որ սպիտակ դրոշ էին կախել իրենց դիրքերի մոտ՝ ընդունելով իրենց պարտությունն ու ասես խնդրելով մեզ, որ խաղաղվենք ու դադարենք իրենց ոչնչացնել...

Իրականում, այս անհեթեթությունն ունի սիմվոլիկ իմաստ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչամեքենան գնալով ավելի ու ավելի է ֆիքսվում իր լսարանին խաբելու վրա և հանուն դրա չի խորշում նույնիսկ ամենաանհեթեթ ստերից։ Դա հնարավոր է իրենց փակ ու տոտալ վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական դաշտի պայմաններում, բայց դա միայն մեզ է ձեռնտու երկարաժամկետ հեռանկարում, որովհետև որքան ավելի շատ են նրանք հենվում ստերի վրա՝ հասարակական կայունություն ապահովելու համար, այնքան ավելի է դյուրինանում մեզ համար ապակայունացում մտցնելը, էլ չասեմ այն, որ մեր լսարանն է ավելի քիչ վտանգվում՝ թշնամական քարոզչության զոհ դառնալու իմաստով։

Այնպես որ, ստեղծագործեք, պարոնայք Ֆաթուլաևներ, դուք դրանով միայն մեր բոստանն եք ջրում։ Հա, ու մի բան էլ. կզակներդ կտեսնեք, բայց զորքի վրա ձեռք բարձրացնող սահմանամերձ գյուղի բնակչություն չեք տեսնի, ինչպես չեք տեսնի սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնող բանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել