1in.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի` այս տարվա փետրվարի 24-ի հրամանագրով Գրիգոր Առաքելյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Այս դատավորը թերևս ՀՀ դատական համակարգում ամենաերիտասարդն է: Նա ընդամենը 25 տարեկան է` ծնվել է 1989 թվականին, և արդեն դատավոր է ու արդարադատություն է իրականացնում:
Հիշեցնենք, որ նա այն երիտասարդն է, որին մենք անդրադարձել էինք ամիսներ առաջ՝ դեկտեմբերին, երբ Արդարադատության խորհուրդը դատավորի թափուր տեղերի համար քննություն էր անցկացնում: Իսկ Վարչական դատարանի դատավորի միակ թափուր տեղի համար պայքարում էր տակավին երիտասարդ Գրիգոր Առաքելյանը, ով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին է: Մենք այդ ժամանակ գրել էինք, որ նա նվազագույնը հրաշամանուկ է, որ հասցրել է 24 տարեկանում սովորել մի քանի տարբեր բուհերում, տարբեր մասնագիտություններով աշխատել մի քանի տարբեր տեղերում, թեկնածուական պաշտպանել և հասցրել մասնակցել ԱԽ-ի քննություններին ու անցնել այդ քննությունները:
ԱԽ-ում դատավորի թեկնածուների մրցույթը, սակայն, սահուն չէր անցել: Առաքելյանի ընտրության շուրջ նույնիսկ վիճաբանություն էր սկսվել ԱԽ անդամների միջև: ԱԽ անդամներից` հիմնականում դատական համակարգի ներկայացուցիչներն են կողմ եղել Առաքելյանի թեկնածությանը: Ընդդիմացողներից մեկն էլ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԱԽ անդամ Գագիկ Ղազինյանը, քանի որ Առաքելյանը նրա ուսանողն է եղել, և նա ծանոթ է եղել նրա մասնագիտական որակներին:
Բացի այդ` այդ ժամանակ Ղազինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ 24-25 տարեկանում մարդը չի կարող դատավոր աշխատել: «Ո՛չ, մարդն այդ տարիքում չի կարող դատավոր աշխատել, դա ես կարող եմ միանշանակ ասել: Իմ կարծիքն այն է, որ դատավորը գիտելիքի հետ միասին պետք է ունենա կյանքի փորձ և մասնագիտական փորձառություն: Այս երեք բաղադրիչները պարտադիր պայման են դատավորի պաշտոնին հավակնող ցանկացած թեկնածուի համար»,- ասել էր Ղազինյանը՝ ավելացնելով, որ մեր օրենսդրությամբ սահմանված` դատավորի թեկնածուների տարիքային ստորին շեմը շատ ցածր է: «Մեր օրենսդրական կարգավորումը, համաձայն որի՝ 22-60 տարեկանը իրավունք ունի դիմելու, հավակնելու և դառնալու դատավոր, ներքևի շեմը շատ ցածր է: Եթե ես լինեի որոշողը, ապա կարծում եմ, որ 28-30 տարեկանից ցածրը չպետք է իրավունք ունենա հավակնելու դատավորի պաշտոնին: Նույնիսկ գործադիր իշխանության պարագայում` ամենաբարձր պաշտոններում կարելի է հանդուրժել երիտասարդի, բայց դատավորի կարգավիճակում մարդը պետք է ունենա կյանքի փորձ, վստահություն և հավատ ներշնչի: Եվ դա կախված է անձից, նրա տարիքից, տեսքից և փորձից: Այնպես որ՝ տարիքն առաջնային նշանակություն ունի, և շեմ անպայման պետք է սահմանվի: Օրենսդրական առումով` պետք է սահմանափակում դրվի: Կարծում եմ, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների ժամանակ թերևս շեմը բարձրացվի»,- ասել էր Ղազինյանը:
Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ժամանակ այս հարցը կքննարկվի, թե` ոչ, դեռ հայտնի չէ, ինչպեսև հայտնի չէ Առաքելյանի կայացրած որոշումների արդարացիությունը: Ասում են, որ նրան գործ մակագրելիս դեռևս զգուշանում են:



