Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է ազդարարում այդ մեծագույն ոճիրի միջազգային ճանաչման գործում։ Միջազգային կառույցները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ իրենց խոնարհումը հայտնելով նահատակված հայորդիներին և կոտորածներից փրկված ու վերապրած հերոսներին։ Վերջին օրերին դատապարտող բանաձևեր ընդունեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, Եվրանեսթը։ Միջազգային հանրությունն աջակցում է հայ ժողովրդի պայքարին, որը տարիներ շարունակ հետևողականորեն տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, պատմական արդարության հաստատման համար:
Երեկ միջազգային կառույցներին միացավ նաև մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը՝ DEMYC-ը, որի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքով հայերի սեփականազրկումը՝ ապահովելով հայ ժողովրդի իրավունքի վերականգնումը և անվտանգ վերամիավորումն իրենց ազգային հողերում։
Նշեմ, որ DEMYC-ի ներկայացուցիչներն ապրիլի 23-26-ը լինելու են Երևանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը։ Եվրոպացի պատվիրակները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և այդ հավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
Տեղեկացնեմ, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, և ՀՀԿ ներկայացուցիչը 2015թ. հունվարից զբաղեցնում է DEMYC-ի փոխնախագահի պաշտոնը։ Միջազգային տարբեր հարթակներում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացները հայկական կողմի հետևողական աշխատանքների արդյունք են, որոնք շարունակական բնույթ են կրում։