- Պատմիր մի փոքր քո մասին, ո՞վ ես մասնագիտությամբ:
Ավարտել եմ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետը, սակայն տարբեր պատճառներով չեմ զբաղվել իմ մասնագիտությամբ: 2008 թվականին հիմնադրել եմ «Արշավականներ» ակումբը, զբաղվում եմ ներգնա տուրիզմով, ինչը նպաստեց, որ զբաղվեմ նաև լուսանկարչությամբ:
- Ինչ-որ տարօրինակ ֆոբիաներ ունե՞ս:
Տարօրինակը՝ չգիտեմ, տան գազից եմ վախենում :)
- Ինչի՞ մասին ես ամենից շատ մտածում:
Մտածելու ժամանակ չեմ ունենում:
- Դու ուրա՞խ ես, որ դարձել ես այն մարդը, որը կաս այսօր:
Միանշանակ, թեպետ այսօր կարող էի ավելին լինել, սակայն ոչնչի համար չեմ ափսոսում, սա ինձ համար սկզբունք է:
-Վերջին գիրքը, որ կարդացել ես:
Հիմա կարդում եմ Բուլգակով՝ «Վարպետն ու Մարգարիտան»: Ազդեցիկ է շատ:
- Ամենասիրածդ ֆիլմը:
Դժվարանում եմ պատասխանել, բայց «Հայֆիլմ»-ի դասական ֆիլմերից մի քանիսը ոչ մի ուրիշ ֆիլմի հետ չեմ համեմատի, օրինակ՝ «Կտոր մը երկինք», «Գիքոր», «Տղամարդիկ» և այլն:
-Ո՞րն է այն երգը, որ ամեն անգամ լսելիս ժպտում ես:
Ես հիշողություններով չեմ ապրում, ուստի ոչ մի երգ ինձ ոչինչ չի հիշեցնում, օրվա մեջ 100-ից ավելի երգ ու մեղեդի եմ լսում, առանց դրա հնարավոր չէ աշխատել:
- Երբևէ թիթեռ բռնե՞լ ես:
Չեմ բռնել, բայց մի անգամ մոտ 30 րոպե մի թիթեռի հետևից եմ վազել. նկարում էի :)
- Ո՞րն է ամենասիրածդ կենդանին:
Թերևս, ձին:

- Ո՞րն է ամենագեղեցիկ վայրը, որտեղ երբևէ եղել ես:
Բարդ հարց է. ես Հայաստանով մեկ շատ եմ շրջագայել, բոլոր վայրերն էլ ինձ համար յուրովի գեղեցիկ են ու սիրելի:
- Ի՞նչ սուպեր հնարավորություն կուզենայիր ունենալ:
Ճախրել թռչունների պես:
-Սիրո՞ւմ ես լինել տեսախցիկի առջև, թե՞ միայն ետևում:
Հազվադեպ եմ լուսանկարվում, դա էլ հատուկենտ մարդկանց եմ վստահում:
-Ո՞րն էր առաջին նկարը, որ լուսանկարել ես ու հպարտացել ինքդ քեզանով:
Չեմ հիշում՝ անկեղծ ասած:
- Ե՞րբ ես գրանցվել ֆեյսբուքում և ի՞նչ նպատակով:
2010 թվականի սկիզբն էր, որևէ հատուկ նպատակ չեմ ունեցել:
- Ե՞րբ քո անվան կողքին ավելացավ Photograph բառը:
2013-ի դեկտեմբերի 27-ին եմ ստեղծել ֆեյսբուքյան լուսանկարչական էջս: Մինչ այդ երկար մտածում էի՝ արժե, թե չարժե:
- Ինչպե՞ս ես վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի քանի լուսանկար են անում ու սկսում են սոցիալական ցանցերում իրենց լուսանկարիչ հռչակել:
Ֆեյսբուքն ազատ հարթակ է, յուրքանաչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է, եթե դա չի վնասում ուրիշին: Կոնկրետ այս հարցի վերաբերյալ միայն կասեմ, որ երբեմն լսարանի դրական արձագանքը սկսնակ լուսանկարչի համար կարող է խթան հանդիսանալ առաջ գնալու համար:
- Ի՞նչ հատկանիշներով լուսանկարիչը պետք է տարբերվի այլ մասնագիտություն ունեցող մարդկանցից:
Լուսանկարիչ լինելու ցանկությամբ :) Շատերն են հետաքրքիր բան տեսնում, բայց չեն նկարում: Ցանկացած մասնագետ, այդ թվում՝ լուսանկարիչը, պիտի լիարժեք նվիրված լինի իր գործին: Իսկ ինձ համար որևէ հստակ չափանիշ չկա, թե ինչով պիտի լուսանկարիչը տարբերվի մյուս մարդկանցից: Տարբերվելու խնդիր էլ չեմ տեսնում:
- Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր՝ այսօր կյանքիդ վերջին օրն է:
Հերթով կայցելեի կամ կզանգահարեի մի քանի մարդկանց ու կասեի, որ նրանց անչափ սիրում եմ:
-Ո՞վ կլիներ Էդգար Հարությունյանը, եթե չլիներ ֆեյսբուքը:
Էդգար Հարությունյանը :)
- Սև ու սպիտա՞կ, թե՞ գունավոր:
Կյանքը՝ գունավոր: Լուսանկարների դեպքում՝ հիմնականում գունավոր, հազվադեպ եմ սև-սպիտակ նկարում:
- Լուսանկարիչների համար ՉԻ ԿԱՐԵԼԻ-ներ կա՞ն:
Ինձ համար՝ այո, բայց չեմ ցանկանում այդ թեմայով խոսել:
-Ֆեյսբուքյան ընկերներդ հաճա՞խ են դիմում իրենց լուսանկարելու խնդրանքով:
Ավելի հաճախ ես եմ առաջարկում իմ ընկերներին լուսանկարվել :)

-Քանի՞ կադր պետք է նկարես, որ մեկ ստացված լուսանկար ունենաս:
Կախված է նրանից, թե ինչ ես նկարում: Օրինակ, բալետի պարուհու թռիչքի լուսանկարը ստանալու համար 40 կամ 50 լուսանկար էի արել, իսկ շատ ուրիշ լուսանկար ստացել եմ ընդամենը մեկ կադրից:
-Վերջին մեկ ամսում արված 3 լավագույն լուսանկարները:
Բարդ հարց է:
- Ի՞նչ ֆոտոպարատով ես լուսանկարում:
Օգտագործում եմ Canon 650D, սակայն առաջիկայում տեխնիկական վերազինման համար պատրաստվում եմ լուսանկարների վաճառք իրականացնել: Ինչպես ցանկացած լուսանկարիչ, այնպես էլ ես ցանկանում եմ ունենալ ավելի որակյալ ու լայն հնարավորություններով տեխնիկա:
-Ֆոտոշոփի ո՞ր գործիքից ես առավել հաճախ օգտվում:
Թերևս, levels-ից:
- Եթե ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորություն ունենայիր, ո՞ւր կգնայիր և ի՞նչը կլուսանկարեիր:
Չէի հրաժարվի համաշխարհային ջրհեղեղը լուսանկարելուց :)

- Ի՞նչ անելու համարձակություն չունես:
Համարձակության խնդիր երբևէ չեմ ունեցել:
3 լուսանկարիչ, ում աշխատանքներին հետևում ես:
Շատ լուսանկարիչների եմ հետևում, հիմնականում՝ արտասահմանյան, բայց հիմա կուզենայի առանձնացնել հայաստանյան լուսանկարիչներից երեքին. Սուրեն Մանվելյան, Աշի Բաղդասարյան Վահան Աբրահամյան:
-Հայաստանում ֆոտոսեսիաներ անցկացնելու ամենագեղեցիկ վայրերը:
Երևանից դուրս շատ գեղատեսիլ վայրեր կան, որտեղ կարելի է ինքնատիպ ֆոտոշարք իրականացնել: Օրինակ՝ Գոշի լճում՝ աշնան գույներով կամ էլ Թեղենիս լեռան լանջերին գարնան կեսին: Սակայն միշտ չէ, որ նկարվողին կարող ես տանել նման վայրեր: Մնում է ցանկություն և հնարավորություն ունենալ քաղաքից դուրս գալու:
- Բացի ֆեյսբուքից՝ ուրիշ ի՞նչ սոցիալական ցանցերում ես տարածում քո լուսանկարները:
Ժամանակային առումով չեմ հասցնում ուրիշ ցանցերում ակտիվություն ցուցաբերել:
- 5 խորհուրդ սկսնակ լուսանկարիչներին:
Նկարել ամեն օր, կարդալ ամեն օր, խնամքով վերաբերվել տեխնիկային, ձգտել ավելիին, չվախենալ նորարար մտքերից:

Էդգար Արշավականներ Հարությունյանի գրառումները Բլոգ Նյուզում և Facebook-յան էջը:



