Tert.am-ը գրում է.

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խմբակցության անունից ելույթ ունենալով՝ նկատեց, թե ցեղասպանության հարցը շատ կարևոր խնդրի հետ է կապված և ռազմավարական նշանակություն ունի:

Ռուստամյանը շեշտեց, որ նման նախաձեռնությունների իրականացումը լիովին տեղավորվում է ՀՅԴ-ի կողմից ժամանակին շրջանառության մեջ դրված «Հայոց ցեղասպանությունը դատապարտելու» մասին օրենքին:

Ըստ նրա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարևոր է նման նախագծերի ռազմավարական  նշանակությունը:

«Նախ բնական է, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն իր զորակցությունը հայտնի մյուս բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ ոճրագործություն է իրականացվել. սրանով ամրագրվում է մեղադրանքը օսմանական Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիային, մենք արդեն բազմաթիվ օրինակներ ունենք, որ մեր լոբբինգով հաջողությունների ենք հասել»,-ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ ցեղասպանությունը մեկ ազգի չէ ուղղված, այլ համայն մարդկության դեմ է։

«Սա միայն հայկական օրակարգ չէ, միջազգային օրակարգ է, ցեղասպանությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ, ժխտողականությունը դատապարտելը պատահական չէ որ առաջադեմ հասարակությունը կարևոր է համարում, որովհետև միտում ունի կանխարգելու նման դեպքեր»,-նշեց նա և հավելեց, թե Թուրքիան շատ լավ գիտի, որ հենց ճանաչեց, մյուս քայլերն անխուսափելի են:

«Մեզ շատ հաճախ վախեցրել են դրանով, քաղաքական դաշտում էնքան ուժեղ չենք, ինչքան՝ իրավական»,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել