FotorCreatedk1

1in.am-ը գրում է.

Հայաստանի 3 մարզերի մի շարք համայնքներում մայիս ամսին նախատեսված է հանրաքվե, որի ընթացքում բնակչությունը պետք է քվեարկի՝ կո՞ղմ է համայնքների խոշորացմանը, թե՞ ոչ: Համայնքների խոշորացման այս ծրագիրը պիլոտային է և, ինչպես արդեն նշեցինք, կգործարկվի երեք ուղղությամբ՝ Դիլիջան (Տավուշ), Թումանյան (Լոռի) և Տաթև (Սյունիք): Սակայն դատելով ծրագրում ընդգրկված համայնքների արձագանքներից՝ այնքան էլ ոգևորիչ չէ ծրագիրը: Եվ համայնքի բնակիչների, և համայնքապետերի համար հասկանալի չեն ծրագրի իրական նպատակները:

«Մենք չգիտենք, թե խոշորացման հիմնական նպատակը որն է: Արդյունավետ կառավարում, ֆինանսական միջոցների խնայողություն՝ դրանք բառեր են, բայց թե իրականում ինչպես կլինի՝ չգիտենք: Գյուղապետե՞րն են խանգարում իրենց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Հաղարծին համայնքի համայնքապետ Սարգիս Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե ծրագիրը մեկնարկեր փոքր համայնքներից, էլի հասկանալի կլիներ իրենց համար, բայց, Պողոսյանի խոսքով, այս ծրագիրը բոլորովին այդպիսին չէ: «Հաղարծին գյուղը Տավուշի մարզի մեծությամբ երրորդ գյուղն է՝ 4 հազարից ավելի բնակչությամբ: Էլ ի՞նչն են խոշորացնում՝ չգիտեմ»,- զարմացած հարցնում է համայնքապետը:

Անդրադառնալով հանրաքվեին՝ Պողոսյանը նկատեց, որ դրա նկատմամբ Հաղարծինի բնակչությունն անտարբեր կլինի, քանի որ տեղեկացված չէ: «Անտարբեր կլինեն այնպես, ինչպես 2005 թվականին Սահմանադրության քվեարկության ժամանակ: Չեն գնա, չեն մասնակցի, որովհետև ոչ մի բան չգիտեն այդ ծրագրից: Իսկ եթե գան, բացատրեն ժողովրդին, թե ինչ է դա, ինչով է լավ, գուցե ժողովուրդն ակտիվանա ու գնա մասնակցի հանրաքվեին, ինչը քիչ հավանական եմ համարում»,- ավելացրեց համայնքապետը:

Թեղուտի համայնքապետ Արարատ Թամրազյանը նույնպես թերահավատ է ծրագրի իրականացման հարցում: «Մեր ամբողջ կյանքը փորձ է, էքսպերիմենտների արդյունք: Փորձում ենք ինչ-որ բան անել, գնում ենք, գնում ենք, հետո կանգնում ենք, ասում ենք՝ չէ, սխալ է, եկեք մեկ այլ ուղղությամբ գնանք: Ես ինքս կարծում եմ, որ գյուղում ծնված-մեծացած մարդն ավելի լավ գիտի իր համայնքի խնդիրը, ավելի արդյունավետ կկառավարի: Գործող մեթոդն ավելի արդյունավետ է՝ կարծում եմ»,- ասաց Թամրազյանը:

Վերջինս նկատեց, որ Սովետական Միության ժամանակ ևս Հաղարծինի հետ միավորված են եղել: Միության փլուզումից հետո համայնքներն առանձնացվել են, և հիմա, փաստորեն, կրկին միավորելու փորձ է արվում: «Սա, ես հասկանում եմ, եվրոպական ծրագիր է, գերմանական ծրագիր է, բայց մեր հայկական մենթալիտետը երբեք չի կարող ընկալել այս փոփոխությունը: 1945թ.-ին մենք հասանք Բեռլին, քաղաքը ոտնատակ տվեցինք, Քոչարի պարեցինք, հաղթեցինք ու հետ եկանք: Չանցած մի 30-40 տարի՝ նրանք արդեն ոտքի կանգնեցին, բայց մենք նման մակարդակ չունենք, ֆիզիկապես ի վիճակի չենք գերմանացու նման օրինապաշտ ու ճշտապահ լինել»,- ասաց Թեղուտի համայնքապետը:

Մեր զրուցակից համայնքապետերի խոսքով՝ այս խոշորացման ծրագիրը միայն ու միայն կնպաստի գործազուրկների բանակի ավելացմանը: Համայնքապետարաններում, որոնք շատ դեպքերում գյուղի միակ աշխատատեղն են, գոնե որոշակի թվով մարդիկ են աշխատում, բայց նրանք էլ կկրճատվեն: «Արդյունքը կլինի միայն գործազուրկների բանակի ավելացումը, ուրիշ ոչինչ»,- ասաց Հաղարծինի համայնքապետը:

Ի տարբերություն համայնքապետերի՝ մարզպետերը ոգևորված են խոշորացման ծրագրով և լիահույս են, որ այն էականորեն կլուծի համայնքների արդյունավետ կառավարման խնդիրը:

«Խոշորացումն ինքնանպատակ չի արվում, արվում է կոնկրետ համայնքի բնակչի համար: Մենք գիտենք, որ այսօր շատ համայնքներում մատուցվող ծառայություններ կան, որ արվում են շատ ցածր մակարդակով կամ ընդհանրապես չեն մատուցվում: Խոսքս վերաբերում է նախակրթական հաստատություններին, աղբահանությանը և այլն, և այլն: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ համայնքների խոշորացումը նպաստում է համայնքների համաչափ ու արագ զարգացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետը հավաստիացնում է, որ համայնքի բնակիչը ոչ մի հարցում խնդիր չի ունենա խոշորացման պարագայում:

Նալբանդյանը նշեց, որ իրենց մարզում ոչ մի դժգոհ համայնքապետ չկա, քանի որ իրենք լուրջ բացատրական աշխատանքներ են տարել, իսկ մինչ հանրաքվեն կոնկրետ համայնքներում հանդիպումներ, քննարկումներ են սկսելու և փորձելու են իրազեկել, բացատրել, թե ինչ է իրենից ենթադրում խոշորացումը:

Նալբանդյանի խոսքով՝ այս պահին խոշորացման ծրագիրը չի ընդգրկելու կրթական հաստատությունները: Նախակրթարանները ընդհանուր կդառնան, ու հավանաբար տրանսպորտ կտրամադրվի, որպեսզի ապահովվի երեխաների փոխադրումը: Աղբահանությունը և նման մի շարք այլ ծառայություններ ևս ընդհանուր կլինեն:

«Երբ մենք համայնքներում քննարկումներ անցկացնենք, հասկանալի կդառնա պատկերը: Հանրաքվեները կլինեն մայիսի 17-ին, իսկ մինչ այդ իրազեկման աշխատանքներ կիրականացվեն, մարդկանց հետ անհատական բացատրական աշխատանքներ կտարվեն, ու ընդհանուր պատկերն ավելի հստակ կլինի»,- ավելացրեց մարզպետը:

Նա ընդունում է, որ խոշորացման արդյունքում մի շարք համայնքային աշխատողներ կկրճատվեն, կազատվեն աշխատանքից, բայց, նրա խոսքով, համայնքներում հիմնականում համայնքային ծառայողները բոլորն էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում, և «աշխատանքից ազատումը նրանց ֆինանսականի վրա այնքան էլ խորը ազդեցություն չի ունենա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել