Հայտնիների միջև ևս մի թեժ պայքար ստացավ իր հանգուցալուծումը. երևանյան ժամանցի կենտրոններից մեկում երեկ կայացավ «21TV»-ի կազմակերպած մրցանակաբաշխությունը, որին հետևել է նաև BlogNews.am-ը:

Մրցանակաբաշխության բացումն արեց Կարեն և Սևակ դուետը՝ «Իրական» երգով: Ելույթ ունեցան Քրիստինե Պեպելյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Լյուսին, Անուշիկ Ալավերդյանը, Վարդան Բադալյանը, Լիլիթ կարապետյանը Ալլա Լևոնյանը, ով նույնիսկ ռեփ կարդաց:)
Միջոցառման ժամանակ երգչուհի Մարտա Կիրակոսյանն Արմոյի «Ուշ է հիմա» երգը ներկայացրեց ջազային տարբերակով: Նա այնպես կատարեց ստեղծագործությունը, որ խոսքերից բացի այլ նմանություն դժվար էր գտնել:

«21TV»-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի փոխանցմամբ՝ հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում բացարձակ հաղթողներ եղել են «Տարվա հիթ», «Տարվա այլընտրանքային լավագույն կատարում» և «Տարվա Cover» անվանակարգերում: Այս դեպքում համապատասխանաբար մրցանակներ ստացան Արմոն՝ «Ուշ է հիմա», Գոռ Սուջյանը՝ «Out Of Control» և Լիլիթ Հովհաննիսյանը՝ «Էլեգիա» երգերի համար:
Գոռը նշեց, որ «Տարվա համագործակցություն», «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում պայքարն այնքան թեժ էր, որ հաղթողի անունը փոխվում էր յուրաքանչյուր քվեաթերթիկից հետո, և մրցակցությունը թեժ է եղել: «Լավագույն երգչուհի» դառնալ հավակնում էին Քրիստինե Պեպելյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանն ու Լիլուն. մրցանակը ստացավ Լիլիթ Հովհաննիսյանը, ով չէր եկել միջոցառմանը, քանի որ երկրում չէ: Ի դեպ, 8 անվանակարգի 3 մրցանակը հենց նրան բաժին հասավ:)
«Տարվա լավագույն երգչի» տիտղոսի համար պայքարում էին Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Միհրան Ծառուկյանն ու Վաչե Ամարյանը: Այս մրցանակը բաժին հասավ Միհրան Ծառուկյանին: Վերջինս նույնպես ներկա չէր միջոցառմանը:

«Տարվա լավագույն տեսահոլովակ» ճանաչվեց Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկերը», որի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Քրիստինե Պեպելյանն այս մրցանակը ստանալիս հիշեց Վարդուհի Վարդանյանին ու նշեց, իր ձեռքի ծաղկեփունջը նրանն է, իսկ Գոռ Հարությունյանը նշեց, որ երբ իմացել է, որ «Կիսաբաց լուսամուտներում» բազմաթիվ պատմություններ լսած Հրաչ Մուրադյանն այս տեսահոլովակից հուզվել է, մտածել է՝ այս ինչ է արել Արեն Բայադյանը:
«Տարվա լավագույն պարային տեսահոլովակ» ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի «Դե էլ մի» տեսահոլովակը, որի պարուսույցը Վիկա Մարտիրոսյանն է:
«Տարվա համագործակցություն» անվանակարգի մրցանակը ստացան Արամեն ու Կարապետյանները՝ «Քավոր» երգի համար: Արամեն նշեց, որ մրցանակն իր համար անսպասելի էր: «Շատ ոգևորված եմ, քանի որ նման զգացողություն վաղուց չէի ունեցել»,- ասաց երգիչը:

«Տարվա այլընտրանքային լավագույն կատարում» ճանաչվեց Գոռ Սուջյանի «Out Of Control»: Մրցանակը հանձնող Նարա Գյուրջինյանը Գոռին բնութագրեց որպես «մարդ-օրկեստոր»:
«21TV»-ի պրոդյուսեր Գոռ Հարությունյանը հորդորեց մրցանակաբաշխություններին վերաբերվել փոքր-ինչ այլ տրամաբանությամբ, քանի որ եթե որևէ մեկը ներկայացված է այս կամ այն անվանակարգում, արդեն իսկ նշանակում է, որ նա ընտրված է «21TV»-ի կողմից:


































































Լուսանկարները`Կարեն Դավթյանի



