9370993984_90f6e27769_k

1in.am-ը գրում է.

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից հետո, Հայաստանը դանդաղ կմտնի ընտրական ցիկլի մեջ։ Մինչ այդ անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի համար պատմականությունն ու ճակատագրականությունը ենթադրում են ոչ թե քաղաքացու պարզ և ֆիզիկական մասնակցություն, այլ ընտրությանը մասնակից սուբյեկտների անկեղծ ու բաց զրույց քաղաքացիների հետ: Ու այդ զրույցը պետք է ոչ թե կրկնի անցած 25 տարիների քաղաքական հռետորաբանությունը, որից բոլորն են արդեն ձանձրացել, ու որը դարձել է դատարկության և սնանկության հոմանիշ, այլ պետք է պարունակի իրավիճակի վերաբերյալ անկեղծ, սկզբունքային և անաչառ գնահատականներ: Սակայն դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը պատկերացնեն այդ իրավիճակը, այն իրավիճակը, որ Հայաստանի համար գալիք համապետական ընտրությունները դարձնում են ճակատագրական:

Դատելով քաղաքական դաշտի մասնակից ուժերի մասնակցության բովանդակությունից՝ այդ իրավիճակի մասին պատկերացումները թյուր են, ոչ ամբողջական: Հայաստանի քաղաքացիներին ներկայացվում են միայն սոցիալական գնահատականներ, կոռուպցիոն մեխանիզմների մասին հայտարարություններ, նաև դրանք հաղթահարելու խոստումներ են տրվում: Մինչդեռ քաղաքացուն չի ասվում, թե ինչ է կանգնած պետության առաջ՝ սոցիալականից և կոռուպցիայից բացի, թե ինչ է լինելու, եթե այդ ամենը շարունակվի: Մարդուն ասում են միայն՝ քեզ խաբում են ու թալանում, և դրա համար դու վատ ես ապրում, ու բավական է, որ քեզ չխաբեն ու չթալանեն, ու դու լավ կապրես: Դա է առանց բացառության գրեթե բոլոր ուժերի, անգամ ՀՀԿ-ի ընտրարշավի բովանդակությունը: Դա չափազանց նեղացնում է խնդրի էությունը և հիմք տալիս իշխանական մանիպուլյացիաների, որովհետև քաղաքացին սկսում է ամեն ինչ չափել միայն իր սոցիալական վիճակով, ու դրանով իսկ ընտրությունը դառնում է փողի խնդիր, որը արդյունավետ է լուծում նա, ով շատ փող ունի: Իսկ շատ փող Հայաստանում ունի իշխանությունը:

Մինչդեռ Հայաստանը ներկայումս կանգնած է մարտահրավերների առաջ, որոնք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բնույթի են, և որոնք Հայաստանից ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման մեխանիզմներ են պահանջում, այլև պահանջում են ընդհանրապես վերանայել թե՛ քաղաքական վերնախավերի, թե՛ հասարակության պատկերացումները աշխարհում Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ, տարածաշրջանում Հայաստանի և նրա հասարակության առաքելության վերաբերյալ:

Ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ Հայաստանը կրավորական դերը փոխարինի ակտիվ և հավակնոտ քաղաքականությամբ՝ դառնալով արժեքների և տեխնոլոգիաների տարածաշրջանային գեներատոր բոլոր ոլորտներում՝ մշակույթից մինչև ռազմական բնագավառներ: Դա անհնար է անել առանց հանրային հոգեբանության և աշխարհայացքի փոփոխության: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին պետք է սկսի մտածել առնվազն տարածաշրջանի մասշտաբներով, քանի որ այն տարածաշրջանը, որտեղ Հայաստանն է, չափազանց «կամերային» բնույթի է, մարտահրավերները չափազանց մեծ են, հաղորդակից, շոշափելի:

Հայաստանի քաղաքացին պետք է զգա այդ ամենը, որպեսզի կարողանա նաև գնահատել այդ ամենի վերաբերյալ քաղաքական ուժերի ադեկվատությունը: Բայց հենց դրա համար էլ քաղաքական ներկայիս կազմը բացարձակապես շահագրգռված չէ քաղաքացուն այդ ամենը զգացնել տալու հարցում, որովհետև դրանից հետո քաղաքացու համար ակնհայտ է լինելու այդ կազմի ժամանակային անհամարժեքությունը երկրի խնդիրների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել