3366411492_0b7ea59669_o

1in.am-ը գրում է.

100 տարի առաջ մարտի 18-ին սկսվեց Առաջին աշխարհամարտի ամենաարյունալի և կարևոր ճակատամարտերից մեկը` Գալիպոլին, որը հայտնի է նաև Դարդանելի գործողություն կամ Չանաքքալեի պատերազմ անուններով:

Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հերթական տարելիցն ավանդաբար նշում են յուրաքանչյուր տարվա մարտի 18-ին` այն օրը, երբ սկսվեց առաջին ծովային մարտը: Արևմտյան Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ընդունված է Գալիպոլիի զոհերի հիշատակը հարգել ապրիլի 25-ին, երբ մեկնարկեց ցամաքային գործողությունը` դաշնակիցների ափ դուրս բերումով:

Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան որոշեց հենց ապրիլի 24-ն ընտրել Գալիպոլիի ճակատամարտը նշելու համար, թեև այս օրը ճակատամարտի տեսանկյունից նշանավոր օր չէ, և այս օրը երբևէ հանրայնորեն չեն հիշատակել Դարդանելի զոհերի հիշատակը: Ինչևէ, Թուրքիան որոշեց ընտրել ապրիլի 24-ը` քաղաքական նպատակներով` շեղելու Ցեղասպանության 100-ամյակի վրա կենտրոնացումը: Այս ամենն առավել քան ակնհայտ է:

Սա Թուրքիայի քաղաքական խաղերի մասին, այժմ վերադառնանք ճակատամարտին, որը կարևորագույն դերակատարում ունի նաև հայոց պատմության էջերում:

Գալիպոլին մեզ համար խորթ կամ անուղղակի ազդեցություն ունեցող ճակատամարտ չէր: Այն ուղղակի կապ ունի հայերիս հետ. հարյուրավոր, հազարավոր հայեր են մասնակցել ֆրանսիացիների, բրիտանացիների, ավստրալացիների դեմ այս ճակատամարտին օսմանյան կայսրության բանակի կազմում: Իհարկե, մասնակցությունը սեփական ցանկությամբ և կամքով չի եղել, շատ հայեր որպես օսմանյան հպատակ զորակոչի են ենթարկվել այդ երկրի բանակ (ինչը նույնպես նպաստեց հայերի կոտորածների նման մեծ մասշտաբներին: Արյունալի պատերազմին մասնակցած հայերից շատերն էլ զոհվել են, ինչը վկայում են նաև թուրքական աղբյուրները:

Կապիտան Սարգիս Թորոսյանի պատմությունն էլ լավագույնն է արտացոլում իրավիճակը Գալիպոլիում, որը համընկավ հայերի ցեղասպանության մեկնարկի հետ: Հայ սպան հերոսաբար կռվում էր օսմանյան բանակում, մինչդեռ թիկունքում թուրքերը սկսել էին հայերի բռնագաղթն ու կոտորածները, որից չէր փրկվել անգամ թուրքերին կարևոր ծառայություններ մատուցող կապիտան Թորոսյանի ընտանիքը: Տարիներ անց իր հուշերում Թորոսյանը գրելու էր, թե «լավ կլիներ, եթե Դաշնակից զորքերը ճեղքեին օսմանյան պաշտպանությունը, այդ դեպքում գուցե իր ընտանիքը փրկվեր…»:

Վերջերս բավական հետաքրքիր հարցազրույցի ընթացքում թուրք պատմաբան Այհան Աքթարն էլ այն համոզմունքը հայտնեց, թե Դարդանելում դաշնակից զորքերի հաղթանակը կարող էր կանխել հայերի ցեղասպանության իրականացումը: Պատմության մեջ «եթե»-ները շատ են, սակայն պատմությունը «եթե»-ներ չի սիրում և հենվում է իրականության ու փաստերի վրա:

Այնուամենայնիվ, Գալիպոլիի մասին խոսելիս պետք է հասկանանք, որ այն նաև մեր պատերազմն է եղել` ուղղակի, թե անուղղակի, դրական, թե բացասական տեսանկյունից: Սա պետք է հասկանան նաև թուրքերը` Դարդանելի հիշողության վրա քաղաքական շոուներ կառուցելիս, իրենց կողմից այդքան շահարկվող «արդար հիշողության» տեսանկյունից: Ուստի մենք ևս պետք է հիշենք մեր այն հայրենակիցներին, որոնք ոչ սեփական կամոք մասնակցել են թուրքերի և դաշնակիցների միջև ճակատամարտին, նահատակվել:

Իսկ այն, որ Գալիպոլին ապրիլի 24-ին նշելու որոշումը թուրքական դիվանագիտության ոչ լավագույն քայլերից էր, ակնհայտ է դառնում օրեցօր: Այս քայլը քննարկում են անգամ սեփական իշխանությունների հարցում չափավոր հայացքներով թուրք մեկնաբանները` գերազանցապես բացասական արձագանքելով Անկարայի այս որոշմանը:

Միևնույն ժամանակ, այս որոշումն աշխատում է թուրքական պետության` Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության դեմ նաև այն առումով, որ օրվա ընտրությունն ավելի հաճախ է պատճառ դառնում Թուրքիայի ներսում, երկրի սահմաններից դուրս Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, այդ թեման քննարկելու համար:

Եվ մեր օրերում Գալիպոլին ու Հայոց ցեղասպանությունը կրկին խաչվում են, ինչպես և խաչվել են 100 տարի առաջ… Սակայն թուրքական պետության ձեռքով ցավալի այս երկու իրադարձությունները ոչ թե համատեղ հիշում և սգում են, այլ դրանք քաղաքականացվում են և խեղաթյուրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել