Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Վերը նշված ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում:

Այցելության ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացրել են կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ ծրագրերը` նշելով, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, և մարտի 18-ին այստեղ տեղադրվել է IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների իրականացումը պատշաճ որակով ու սահմանված ժամկետում և համապատասխան հանձնարարականներ տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցած է լինելու ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ազգաբնակչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել