Միասնական արժույթի անցնելու համար շտապողականության կարիք չկա. Թաթուլ Մանասերյան Panorama.am-ը գրում է.

«ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելուց առաջ նախ պետք է հստակեցվի հարկային, դրամավարկային քաղաքականությունը, որի սկիզբն անգամ դեռ դրված չէ, ուստի անտեղի եմ համարում նման խոսակցությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս Ռուսաստանի Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին հանձնարարել էր ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները: Երեկ Աստանայում տեղի ունեցած ԵՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպման ժամանակ Պուտինը նորից անդրադարձել էր ընդհանուր արժութային միության ստեղծման մասին իր հնչեցրած գաղափարին: Նշենք, որ այդ հավաքին Հայաստանը հրավիրված չէր:

Թ.Մանասերյանի խոսքերով` Ռուսաստանում դեռևս  որոշ չինովնիկներ չգիտեն, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին: Դրա համար, ըստ նրա, ցանկալի է, որ հատկապես Ռուսաստանը և Բելառուսը կյանքի կոչեն այն պայմանավորվածությունները, որոնք գրեթե երկու տասնամյակ ունեն` միասնական պետության, միասնական արժույթի ստեղծման, որից հետո արդեն կարող են ներառել Հայաստանին և Ղազախստանին:

«Սա բավական լուրջ գործընթաց է: Միասնական արժույթի ձևավորումը ոչ միանշանակ է գնահատվում նաև Եվրոպայում: Մի մոռացեք, որ որոշ երկրներ այսօր ցանկություն ունեն դուրս գալ եվրոյի գոտուց` համարելով, որ դա մեծ զոհաբերություն է, ուստի կարծում եմ, որ այս դեպքում գործողությունները ցավոտ կլինեն»,- ասաց Թ.Մանասերյանը` հավելելով, որ այս հարցում շտապողականության կարիք չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել