Երևանում մարտի 20-ին՝ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի եզրափակիչ օրը, Հայոց ցեղասպանությունը դատապարտող Հռչակագիր է ընդունվել։ Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Մենք՝ լրագրողներս, «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներս, տարբեր երկրների, ազգությունների և կրոնների ներկայացուցիչներս, հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդին և հարգում ենք 1915թ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը։ Մենք կոչ ենք անում դատապարտել այդ իրադարձությունները, որոնք ուղղված էին հայ ազգի և նրա բազմադարյա յուրահատուկ մշակույթի ոչնչացմանն ու հայ ազգին սեփական հայրենիքից զրկելուն։ Իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին զանգվածային ջարդերով, կոտորածներով և էթնիկական զտումներով։
Հռչակագիրը ողջունում է Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Լեհաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Կանադայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Չիլիի և Վատիկանի կառավարությունները, որոնք ճանաչել և դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ «Հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցի շեմին մենք չենք կարող անտարբեր մնալ Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերի հանդեպ։
Մենք դատապարտում ենք 1915թ. Ցեղասպանությունը ժխտումը՝ որպես պատմական փաստերի կեղծում, որոնք աղավաղում են այս ողբերգության պատճառները, մեխանիզմներն ու հետևանքները։ Դիմելով պատմական փաստերին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն լրագրողներին, որոնք աշխարհին հայտնել են Օսմանյան կայսրության տարածքում կատարվող սարսափելի ոճրագործությունների մասին։ Մենք գիտակցում ենք լրատվամիջոցների դերն ու նշանակությունը և կարծում ենք, որ նրանց հիմնական խնդիրը բոլոր ազգերի միջև երկխոսությունը պաշտպանելն է։
Շարունակությունը` այստեղ