Հարևան երկրի կարա կոյունլու նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի տոնակատարությունների առթիվ նորից ռազմատենչ «բլթբլթոցներ» է արել:
Ալիևի «հայտարարությունների» հակասականությունը և տրամաբանության բացակայությունն ուղղակի ակնհայտ են:
Հոխորտանքների բովանդակությունն այնքան մառազմատիկ է, որ նույնիսկ չարժե դրանց ուշադրություն դարձնել: Պարզապես առանձնացնենք երկու պահ:
Այսպես, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, Ադրբեջանի նախագահը շփման գծում լարվածության պատասխանատվությունը բարդել է Հայաստանի վրա, քանի որ «իրենք միշտ զսպվածություն են ցուցաբերում և հավատարիմ են միջազգային իրավունքին»:
Իսկ երկու պարբերությունից հետո Ալիևը սկսում է հակասել իրեն` հերքելով իր նախորդ մտքի ճշմարիտ լինելը: Քննադատության սլաքն այս անգամ Հայաստանից շեշտակի թեքություն է վերցնում և ուղղում միջազգային հանրությանը: Ալիևը բառացիորեն հայտարարում է, որ «աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, միջազգային պայմանագրերը միայն թղթի կտորներ են և որևէ արժեք չունեն»:
Հիմա տրամաբանական հարց է առաջանում, եթե միջազգային իրավունքը չի գործում, ինչը պնդում է սույն «կենդանակերպը», ապա ինչի՞ն էր երկու պարբերություն առաջ հավատում ու հավատարիմ ադրբեջանական կողմը:
Իսկ եթե հավատարիմ են, ապա միայն ստին, կեղծիքին, մոլորությանը, ագրեսիային ու անմարդկային դրսևորումներին:
Նման հայտարարությունները, իհարկե, ներքին սպառման համար են, հասկանալի է, վարկ, հեղինակություն չունեցող պաշտոնյան պետք է միավորներ հավաքի՝ փնովելով, վատաբանելով ու մերժելով, ինչպես նաև սին խոստումներով, այնպիսի խոստումներով, որ ինքն էլ հաստատ չի հավատում դրան: