Slaq.am-ը գրում է.
Ալիևի մոտ խոսում է հայկական բարդույթը: Եվրոպացի և ռուս մեր գործընկերները թող տեսնեն, թե կոպիտ ասած ինչ ծանր է մեր վիճակը, որ բանակցային սեղանին են նստում նման մարդու հետ,-այս մասինSlaq.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով՝ գարնանային Նովրուզ տոնի կապակցությամբ ունեցած իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «հայ օկուպանտների ձեռքով անմեղ ադրբեջանցիների թափած արյունը անհատույց չի մնա»։
ՀՀԿ մամուլի խոսնակն Ադրբեջանի ղեկավարին հորդորում է հիշել պատմությունը, որտեղ հստակ նշված է պատմական Հայաստանի ողջ տարածքը:
«Զավեշտալի է, տարօրինակ է, ծիծաղելի է, նույնիսկ անընդունելի է, որ 21-րդ դարում ԱՊՀ անդամ երկրի, Եվրոպայի խորհրդի անդամի նախագահը խոսում է նման բառապաշարով: Սա հատուկ է Ադոլֆ Հիտլերին և Սադամ Հուսեյնին: Նման ապուշ հայտարարություն անելուց առաջ Ալիեւը պետք է հիշի, թեինչ ճակատագիր ունեցան Հուսեյնը և Հիտլերը: Ադրբեջանի ղեկավարն ընկել է իր իսկ ստեղծած հակահայկական գաղափարախոսության ծուղակը և այլևս ոչինչ չունի ասելու՝ սերմանելու հակահայկական տրամադրություններ»,- ասաց Շարմազանովը:
«Ադրբեջանի ղեկավարությունն է իր հայտարարություններով դրդում ադրբեջանցի զինվորներին նման դիվերսիաների, որի արդյունքում հենց իրենք մի քանի անգամ ավելի շատ կորուստներ են ունենում: Սա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարության համար իրենց զինվորը ոչ մի գրոշ չունի»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների կյանքը և կյանքի կորստի պարտականությունն ընկած է միայն Ադրբեջանի ղեկավարության վրա:
Նշենք, որ դիվերսիայի ժամանակ հակառակորդն ունեցել է առնվազն 12 զոհ: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:



