«Վերջին մեկ շաբաթվա լրահոսին հետևելով՝ այնպիսի տպավորություն էր, որ ժամանակը հետ է շրջվել, և հիմա ոչ թե 2015թ. մարտն է, այլ 2013-ի, Հայաստանն էլ ոչ թե Եվրասիական տնտեսական միության անդամ է, այլ դեպի պայծառ եվրոպական ապագան սուրացող ինքնիշխան պետություն: Ընդ որում, նման տպավորության ձևավորմանը նպաստում էր ոչ միայն և ոչ այնքան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն ինքնին, որքան դրա շրջանակներում և դրանից դուրս ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավարության արած հայտարարությունները:

Եվ եթե առաջինները խոսում են Հայաստանի՝ եվրոպական արժեքներին անմնացորդ նվիրվածության և եվրոպական կառավարման մոդելին ձգտելու իրենց նվիրական ցանկության մասին, ապա ԵՄ պաշտոնյաներն էլ՝ հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորությամբ, հայտարարում էին Հայաստանի հետ համագործակցության խորացման պատրաստակամության մասին: Մի խոսքով՝ «մե ծիծաղ մե ուրախություն»... Միայն թե Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, որի ամենագլխավոր անդամը՝ Ռուսաստանը, փաստացի, չհայտարարված պատերազմի մեջ է Եվրամիության հետ: Եվ դրա արդյունքում, Սերժ Սարգսյանի ասած, «Հայաստանի եվրոպական շաբաթի» ավարտին սահմանում ունեցանք երեք զոհ:

Իհարկե, Եվրամիության պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք դասեր են քաղել անցյալի սխալներից և որոշել են վերանայել Եվրոպայի հարևանության քաղաքականությունը: Ավելին՝ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, օրինակ, հարկ է համարում հատուկ ընդգծել, որ ԵՄ-ն նոր ռազմավարություն է մշակում, որով երկրներից յուրաքանչյուրի հանդեպ կկիրառվի անհատական մոտեցում, և որը Ռուսաստանի կենսական շահերը հաշվի առնելու տեսանկյունից առավել իրատեսական կլինի, իսկ հանձնակատար Յոհաննես Հանն էլ Երևանում հայտարարեց, թե Հայաստանի համար կմշակվեն «առանձնահատուկ պայմաններ»:

Ինչ խոսք, ԵՄ կողմից սեփական բացթողումներն ու սխալները վերանայելու այս միտումը ողջունելի է, խնդիրն այն է, սակայն, թե դա ինչ կարող է արժենալ Հայաստանի համար: Ի վերջո, այն ժամանակ, երբ Հայաստանը բանակցել և ավարտին էր հասցրել Ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստան-ԵՄ հարաբերություններն ամենևին էլ այդքան լարված չէին, և եթե չլիներ եվրոպացիների ամբողջապաշտական մոտեցումը՝ «կամ, կամ» ձևակերպմամբ, ապա Հայաստանը կկարողանար կառուցել իր համագործակցությունը երկու ուղղություններով էլ՝ առանց Ռուսաստանի կողմից պատժիչ գործողությունների վտանգի: Մինչդեռ այսօր դա կարող է խիստ թանկ արժենալ Հայաստանի համար, ինչը, սակայն, եվրոպացիներին դժվար թե հուզի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել