Երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Մոսկվայից ժամանած լրագրողի հարցին, ասել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը պրոբլեմ է, և այդ պրոբլեմը պետք է լուծում ստանա:
Նախագահն իր խոսքում նաև նշել էր.
«ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:
Կարելի է ենթադրել, որ նախագահի հայտարարությունը պատասխան արձագանք էր ԵՏՄ ղեկավարների՝ մարտի 20-ին նախատեսված հանդիպմանը Հայաստանին հրավերք չուղարկելուն: Վերոգրյալին կարելի է գումարել նաև այն, որ Պուտինն առանց գործընկերների հետ քննարկելու հայտարարել էր միասնական արժույթի շուրջ քննարկումներ սկսելու մասին:
Այո, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բայց պետք է հստակեցում մտցնել. ՀՀ-ն մի՞շտ է ռազմավարական գործընկեր ռուսների համար, թե՞ միայն այն ժամանակ, երբ ձեռնտու է իրենց: