Ուրեմն ասում են՝ մի թուրք բալիկ է լինում, ու ինքը որբ է լինում, հետն էլ դպրոցում սովորելիս է լինում ու քանի որ դպրոցական ծնողական ժողովին ծնող է պահանջվում, թուրք բալիկն այս սահմանադիր կացութակարգի բարձր գիտակցումով, այն է թե` երկրիդ նախագահը բոլորիդ և ուրեմն` հատ-հատ ամեն մեկիդ ծնողն է, մի նամակ է գրում Էրդողանին՝ խնդրելով ստանձնել Իր Ծնողի դերը ծնողական ժողովում: Էրդողանն էլ՝ որպես վսեմ ու նուրբ հույզերի տեր ազգի տիպիկ առաջնորդ, ներկայանում ու ստանձնում է... Նորագիր Հայր և Որդու հոգի ողջակիզող նկարի աշխարհով մեկ սփռումը, բնականաբար, չի ուշանում:

Երկնքից երեք խնձոր է ընկնում, մեկը՝ թուրքական դիվանագիտությանը, մյուսը` Կուտ-երի սիրահար աշխարհին, երրորդը` մեզ, բախտից հավերժ լացողներիս ու պատմական դասերը հետևողականորեն շրջանցողներիս:

P.S. Էրդողանի պատմական ծնողաստանձնումը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընդհուպ շեմին որքան էլ առաջին հայացքից միամիտ-զվարճալի, նույնքան և մտահոգիչ է... Սա ոչ միայն թուրքական դիվանագիտության Ժրության, այլև համակարգված գործուն զինանոցի առկայության վկայությունն է, և ուրեմն մեր արդարատենչ ախորժակը գործնականում զսպող անակնկալ հակաքայլերի պակաս առաջիկայում հաստատ չենք ունենա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել