«Ставка на любовь» ֆիլմի թրեյլերի՝ համացանցում հայտնվելուց հետո բոլորը խոսում էին «Poker.am» ֆիլմի հետ եղած ակնհայտ նմանության մասին։ «Շարմ» ընկերության PR մենեջեր Մարինա Վարդանյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ռեժիսոր Արտյոմ Միխալկովի նոր ֆիլմը նկարահանվել է «Poker.am»–ի սցենարի հիման վրա։
«Այստեղ պլագիատ կամ սկանդալ չկա։ Նրանք մեզ դիմել են, և մենք նրանց իրավունք ենք տվել մեր ֆիլմի սցենարով նկարահանել «Ставка на любовь»-ը»,- նշեց Մարինան՝ հավելելով, որ սցենարում որոշակի փոփոխություններ կան։
Հերոսին կրկին մարմնավորում է Հովհաննես Ազոյանը։ «Իրենք ֆիլմը դիտել էին և ասացին, որ այդ դերում ցանկանում են կրկին տեսնել Հովհաննես Ազոյանին»,- նշեց Մարինան։
Նշենք, որ այս ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ալեքսանդր Ռեվվան, Դմիտրի Խրուստալյովը, Անդրեյ Բուրկովսկին, Պոլինա Մակսիմովան և ուրիշները։ Ինչ վերաբերում է պրեմիերայի ժամկետներին՝ նա հայտնեց, որ այն նախատեսվում էր Մարտի 8-ին, սակայն ժամկետները փոփոխվել են։ Ամենայն հավանականությամբ, ֆիլմը կցուցադրվի նաև Երևանում։
Ամալյա Հովհաննիսյան