Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դրեց մանդատը՝ հայտարարելով, որ այդ քայլին գնում է իր տեղը երիտասարդներին զիջելու համար: Մինչդեռ խոսակցությունները շատ էին, որ Րաֆֆին դա անում էր ստիպված և քայլը խնդիր կար Ժառանգության ցուցակում 6-րդ համարը զբաղեցնող Թևան Պողոսյանին ամեն գնով խորհրդարան մտցնելու: Այսօր այս և այլ թեմաներով «Հրապարակ» օրաթերթը զրուցել է Րաֆֆու գործով հիմնական «մեղադրյալի» հետ՝ պարզելու Րաֆֆու՝ մանդատի վայր դնելու իրական դրդապատճառները:
«Այսօր ես պատգամավոր եմ Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած ու բարձրաձայնած հետեւողական քայլերի արդյունքում: Մեր ժամանակների ականավոր քաղաքական գործիչներից մեկը բազմիցս շեշտել է քաղաքական դաշտում սերնդափոխության անհրաժեշտության եւ երիտասարդներին առաջ քաշելու մասին: Կարծում եմ, որ նրա օրինակը ոչ միայն ողջունելի է, այլեւ պիտի օրինակ ծառայի քաղաքական դաշտի բոլոր թեւերի համար: Հայաստանում ցանկացած քաղաքական ուժ պետք է փորձի ապահովել նոր դեմքերի մուտքը քաղաքական դաշտ, այլապես կարճ ժամանակ անց ստիպված կլինի խոստովանել, որ կտրվել է կյանքի ընթացքից, ճահճացել է»,-ասել է Պողոսյանը:
Իսկ թե ինչպիսի պատգամավոր է լինելու և ինչ է պատրաստվում անել Աժ-ում, Պողոսյանն ասում է, որ կանի հնարավորն ու անհնարինը՝ որոշումների կայացման գործընթացում հասարակության առավել լայն շրջանակների տեսակետները քննարկելու եւ հաշվի առնելու համար:
Իսկ մեզ մնում է հուսալ ու հավատալ, որ Րաֆֆու այս զոհողությունն անտեղի չէր և Պողոսյանը կարդարացնի նրա և մեր սպասումները: