Մեկ տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, հատուկ ընդգծեց, որ բարեփոխումներից հետո, երբ կփոխվի նաև երկրի կառավարման մոդելը, ինքն այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում և չի հավակնի վարչապետի պաշտոնին: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ նախագահը սահմանադրական բարեփոխումների է գնում ոչ թե սեփական իշխանությունը երկարացնելու կամ հավերժացնելու նպատակով, այլ փոխելով կառավարման համակարգը՝ փորձում է այն դարձնել առավել ժողովրդավարական և մրցակցային՝ հնարավորություն ստեղծելով քաղաքական ուժերի համար առողջ քաղաքական մթնոլորտում պայքարել իշխանության համար՝ իրականացնելով սեփական ծրագրերն ու գաղափարները: Ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը չի կարող կենտրոնանալ մեկ անձի ձեռքերում, և անձակենտրոն իշխանության պրակտիկան կվերանա: Իրականում պառլամենտական կառավարման համակարգը հնարավորություն կտա մեր քաղաքական կուսակցություններին առավել գաղափարական և ծրագրային մրցակցություն ունենալ միմյանց նկատմամբ, ինչը կզարգացնի Հայաստանը:
Հ.Գ. Ե՛վ նախագահական համակարգը (օրինակ ԱՄՆ-ում), և՛ կիսանախագահական համակարգը, ինչպիսին այսօր Հայաստանում է (օրինակ Ֆրանսիայում) և՛ պառլամենտական համակարգը (օրինակ Գերմանիայում) հաջողված համակարգեր են տարբեր պետություններում, և աշխարհում կան երեք մոդելներով էլ կառավարվող զարգացած պետություններ ու հաջողակ հասարակություններ: Մենք խորը քաղաքական քննարկումների արդյունքում պետք է փորձենք գտնել և փաստարկված հիմնավորել, թե որ կառավարման մոդելն է մոտ մեր մենթալիտետին և Հայաստանի տեսլականին: Բովանդակային քննարկումների արդյունքում մենք իսկապես կգտնենք կառավարման ճիշտ տարբերակ, որով կկառուցեք մեր պետությունը: Մեկ բան հստակ է՝ նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում գրեթե բոլոր քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում խնդիր են դրել երկիրը դեպի պառլամենտական կառավարում տանելու: Ես անձամբ պառլամենտական կառավարման կողմնակից եմ և առաջիկա իմ հոդվածներում կփորձեմ հիմնավորել իմ պատկերացումները: