Իրոք, չեմ հասկանում որոշ մարդկանց բարձրացրած աղմուկը կամ սարկազմն առ այն, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող ուժերի ներկայացուցիչներ և քննարկել սահմանադրական ռեֆորմների խնդիրը: Տղայական բազար չէ, որ հիմա տարակուսում եք` այդ ինչպես նա ընդդիմադիր էր ու հիմա նախագահի հետ է հանդիպում: Այդ աթոռն ինստիտուտ է, պետականության խորհրդանիշ, այլ ոչ թե նախագահի հոր տան սեփականությունը:
Քաղաքական ուժերի ղեկարներն էլ հանդիպում են նախագահի հետ, ով նախաձեռնել է երկրի գլխավոր օրենքի բարեփոխումների գործընթացը: Նորմալ քաղաքական գործընթաց է ընթանում: Մարդիկ հանդիպում են և հայտնում իրենց կարծիքը: Դրանից հետո կարող են աջակցել գործընթացին կամ չաջակցել. դա իրենց խնդիրն է: Ուղղակի մեզանում այնքան տարածված է քաղաքական մանկամտությունը, որ եթե ասում են ընդդիմություն, ապա պատկերացնում են իշխանության անհաշտ թշնամի, որը եթե գոնե մի անգամ հանդիպեց իշխանության հետ, ապա դավաճան է համարվում:
Վերջացրեք, հերիք է, նախագահը, նախարարը, պատգամավորն ինստիտուտ է, սահմանադրական փոփոխությունները` բարդ քաղաքական գործընթաց: Երբ այդպես ենք ընկալում իրողությունները, այս տեսանկյունից դիտարկում համակարգը, հենց այդ մոտեցմամբ աջակցում կամ պայքարում իշխանության դեմ (ու պայքարում ոչ թե ընտրությունից ընտրություն ու ոչ մեկ անձի լիդերությամբ, այլ միշտ, ամեն օր և համակարգված, քրտնաջան աշխատանքով), ապա շատ բաներ իրենց տեղն են ընկնում:
Հակառակ պարագայում, հայտարարությունները, թե սահմանադրական փոփոխությունները ֆարս են, դրանց վրա աշխատողները` իշխանության ծառաներ, իսկ պետությունը զավթված է, ամենահեշտ ձևն է` ոչինչ չանելով վարկաբեկել, հենց սաղմնավորման փուլում մերժել Սահմանադրությունը, այն է` հասարական դաշինքը պետության հետ: Իսկ դա ամենակարճ ճանապարհն է, որպեսզի սահմանադրական փոփոխություններն անցնեն մերժման մթնոլորտում: Ավելի պարզ ասած՝ չաշխատեն իրական կյանքում:
Իրականում Սահմանադրությունը սկսում է աշխատել, երբ քաղաքացին այն համարում է իրենը, սեփականը, այնպես, ինչպես տան կամ տարածքի վարձակալության պայմանագիրը, տան սեփականության վկայականը և այլն: Սահմանադրությունը սկսում է աշխատել, երբ քաղաքացին դրա ամեն մի կետի համար կռիվ է տալիս, այլ ոչ թե այն ժամանակ, երբ իշխանությունը բարի կամք է դրսևորում ու «աշխատացնում» Սահմանադրությունը:
Սահմանադրությունը սկսում է աշխատել, երբ իշխանության ցանկացած փորձ՝ (իսկ այն հիմա իրեն պահում է շատ ազատ ու անպատիժ, քանի որ չկա ընդդիմություն և ուժեղ քաղաքացիական հասարակություն) չհետևվել Մայր օրենքին, կարող է վերաճել քաղաքական լուրջ ճգնաժամի` քաղաքացիների ու ընդդիմության կոշտ արձագանքի պատճառով:
Սա է ճանապարհը, սա է պետությունն ու սահմանադրականությունը, այլ ոչ թե հայտարարություններն առ այն, որ իշխանությունը վատն է, սահմանադրական փոփոխությունները` ֆարս, ամեն ինչ վատ է, բայց այ որ մենք եկանք իշխանության (իսկ իրենք իրականում բացի չարախնդալուց, պատասխանատվությունից խուսափելուց ու սին խոստումներից, հիմնականում ոչ մի այլ բան չեն անում), ամեն ինչ միանգամից կփոխենք դեպի լավը: