Պուծինը չարի ուժեր է ազատ արձակել և այժմ չի կարողանում զսպել դրանք: Ալադինի կախարդական լապտերի փոխարեն գործեց հեռուստացույցը` Կրեմլի զանգվածային ատելության ու ուղեղլվացման հին, բայց արդյունավետ զենքը: Ատելության քարոզը բերեց Ռուսաստանում բռնության հանդեպ հանրային հանդուրժողականությանն ու անգամ պահանջի: Սակայն բռնության մենաշնորհը պետությունը կիսել է իր ավանդական պատժիչ համակարգի և նոր, ֆորմալ կառույցի` չեչեն վարձկանների միջև: Բախումն անխուսափելի էր, և բազմաթիվ քողարկված հակամարտություններից հետո այն ջրի երես է դուրս եկել Նեմցովի սպանության առիթով: Այժմ բռնության իրավունքը նորից մենաշնորհ դարձնելու կռիվ է գնում Կրեմլի պատերի ներսում, և հաղթողը ստանալու է իշխանությունը, թեև շատ կարճ ժամանակով: Այստեղ տեղին է հիշել Գորբաչովի դեմ անհաջող հեղաշրջումը 1991թ. օգոստոսին, այսպես կոչված ԳԿՉՊ, որը տևես միայն երեք օր: Արդյունքում պարտվեցին և՛ԳԿՉՊ-ն, և՛ Գորբաչովը, դա ԽՍՀՄ կործանման ամենաէական պատճառներից մեկն էր: Հետո նման բան կրկնվեց 1993-ի աշնանը` Ելցինի դեմ չեչեն Խասբուլատովի ապստամբության ժամանակ: Հեղաշրջումը կրկին ճնշվեց, այն էլ տանկերով, սակայն դա անչափ թուլացրեց Ելցինին ու հնարավոր դեմոկրատական գործընթացը և առաջ բերեց չեչենական գործոնը, որը շուտով վերաճեց երկու կործանարար պատերազմների: Պուծինը փորձեց հաշտեցնել երկու այդ ամենավտանգավոր սպառնալիքները` ազգայնականն ու հատուկ ծառայություններինը՝ դաշինք կնքելով Կադիրովի հետ: Սակայն այդ դաշինքը հիմնված է չեչեններին վճարվող հսկայական ռուսական տուրքի վրա, ինչպես որ ժամանակին Մոսկվան փրկագին էր վճարում թաթար-մոնղոլներին: Նավթի գնի անկումը կտրուկ նվազեցնում է Կրեմլի վճարունակությունը, իսկ Չեչնիան երբեք չի մոռանա ո՛չ 19-րդ դարի ցարական հալածանքները, ո՛չ Ստալինի 1944թ. բռնագաղթը, ոչ 1990-ականների ավերիչ երկու պատերազմները: Ավելին` Պուծինի ռազմավարական սխալն էր կայսրության վերակառուցման փորձը ազգայնական հիստերիային զուգահեռ: Կրեմլի կողմից խրախուսվող պետական ատելությունն ու արհամարհանքը «խաչերի, խոխոլների, չուրկաների» նկատմամբ նրանց մեն-մենակ է թողնում բազմազգ ու բազմակրոն տարածքում, մինչդեռ չեչեններին բավական է միայն պատյանից հանել Սիրիայում և Իրաքում սրած իսլամական թուրը` նախկին տիրոջը հիշեցնելու համար բոլոր հին ու նոր վիրավորանքները: Ավելորդ է ասել, թե ինչպես է ձևափոխվելու այդ դեպքում Ռուսաստանի հարավային սահմանը: Ահա ինչ մռայլ պատկեր է ստեղծվել այսօր Կրեմլի ստվերում, և մեր ազգային շահն ու ինքնապաշտպանության բնազդը պահանջում է օր առաջ հեռու մնալ այդ փլվող պատից՝ շտապ գտնելով վստահելի և կայուն դաշինք, որը տարիներ շարունակ և դեռևս ապարդյուն մեզ առաջարկում է Ճակատագիրը՝ հանձինս արևմտյան կողմնորոշման: Ցեղասպանության հարյուրամյակի տարին խորհրդանշական է մեր մշտական ապիկարությունը հաղթահարելու և գոնե այս անգամ ազգը փրկելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/936979489668939?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել