Tert.am-ը գրում է․

Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որին ներգրավված է Եվրամիությունը, և այս ծրագիրը շատ երկար է ծրագրվել:  Այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝  ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրված հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ:

Չնայած որոշների քննադատություններին՝ դեսպանն ընդգծեց, որ Արևելյան գործընկերության ծրագիրը նպատակ չունի  ինչ-որ ծրագրի դեմ հանդես գալ: «Ռուսաստանի դեմ չի ստեղծվել այս ծրագիրը,  հուսով, որ մի օր էլ Ռուսաստանը կարող է մաս կազմել այս ծրագրին: Այդ ծրագրի նպատակը եղել է՝ հեշտացնել  մարդկանց շփումը և տնտեսական բնագավառում փոխանակումները»,- ասաց նա և նշեց, որ սկզբնապես իրենց նպատակը եղել է Արևելյան գործընկերների հետ ամրացնել այն կապերը, որոնք արդեն իսկ գոյություն ունեն:

«Այն համակարգը, որը մենք ցանկացել ենք ստեղծել ԵՄ-ի շուրջ դա այն է, որ մենք լինենք և՛ սպառող, և՛ արտադրող այն ապրանքների, որոնք կարող են լինել հարևան երկրների շուկաներում»,- ասաց նա և ավելացրեց, որ դա վերաբերում է ինչպես նյութական, այնպես էլ մտավոր արժեքներին:


«Հայաստանը Եվրոպական երկրների՝ Լեհաստանի ու ավելի շատ Ֆրանսիայի կողմից դիտարկվում է որպես կարևոր մի երկիր: Դրա արդյունքն այն է, որ երկար տարիներ շարունակ բազմաթիվ հայեր բնակվել են Լեհաստանում: Երբ ես ասացի, որ պատրաստվում եմ Հայաստանում ստանձնել իմ առաքելությունը, բոլորի կողմից դա ողջունվեց»,- ասաց նա և նշեց, որ իրենք հասկանում են, որ Հայաստանը Եվրոպային շատ մոտ ու հարազատ երկիր է համարվում:

«Հայաստանը գտնվելով այս տարածաշրջանում այն երկրներից է, որը ընկալելի և ճանաչելի  եվրոպացիների համար: Արևելյան գործընկերությունը նաև քաղաքական ծրագիր է,  և այն ենթադրում է, որ այն երկրները, որոնք ցանկանում  են մաս կազմել այդ ծրագրին, պետք է ցանկանան մոտենալ քաղաքական Եվրոպային»,- ասաց նա և նշեց, որ Արևելյան գործընկերության ծրագիրը երկու մաս ունի՝ քաղաքական և տնտեսական:

Նա նկատեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց՝ ելնելով այլ տնտեսական համակարգին միանալու որոշումից: «Ունեցանք Բելառուսի և Ադրբեջանի օրինակը, որոնք ի սկզբանե որոշել էին մասնակցել այդ ծագրի մի մասին»,- ասաց նա և նշեց, որ  երկու երկիր  որոշեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստանը և Մոլդովան:

Անդրադառնալով՝ 2015 թվականի մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին՝ ասաց, որ այնտեղ հստակ որոշումներ պետք է կայացվեն և ծրագրեր ուղենշվեն:  «ԵՄ տեսանկյունից Ռիգայի գագաթաժողովը նպատակ է ունենալու դասակարգել իր գործընկերներին: Քաղաքական տերմինաբանությամբ ասած՝ ավելին ավելիի դիմաց»,- ասաց նա:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը, որը հիմա գտնվում է բանակցային փուլում կհստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ  և համագործակցության սահմանները: Նա նշեց, որ իրենք տեսնում են, որ Հայաստանն արդյունավետ կարողանում է իրականացնել այն նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական զարգացմանը:

«Պետք է ըմբռնումով մոտենանք, որ Հայաստանը կմիանա քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, քանի որ այն անհամատեղելի է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այլ տնտեսական համակարգում  է գտնվում և չի կարող ստորագրել ազատ և համապարփակ  համաձայնագիրը: Իհարկե, սա Հայաստանի կառավարության և ժողովրդի որոշումն է, ինչ  որոշում էլ կայացնի, մենք ողջունելու ենք և աջակցելու ենք այն»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել