Երբ ժամանակին անկախության համար պայքարած ու իսկապես հարգանք վայելող մարդը տարիների ընթացքում կորցնում է ադեկվատությունը, իր չիրականացած քաղաքական նպատակները փորձում է կոմպենսացնել սակավամարդ ասուլիսներում՝ ինքնահաստատվելով կամ 20-30 հոգանոց հանրահավաքներ կազմակերպելով։ Այսօր վերջինս հայտարարել է, որ ԲՀԿ-ն կուսակցություն չէ, իսկ Նաիրա Զոհրաբյանի հասցեին վիրավորանքներ է հնչեցրել, մինչդեռ հենց նույն Պարույր Հայրիկյանը վերջին նախագահական ընտրություններին ստանձնել էր կրկեսի միանգամից բոլոր արտիստների՝ կլոունների, ժանգլյորների ու ֆոկուսնիկների դերը, ինչի արդյունքում էլ հաջողացրեց մեղադրել սլավոնական արտաքինով կիլլերների իր նկատմամբ «մահափորձի» մեջ, որոնք ինչպես հետո պարզվեց, ամենևին ոչ սլավոնական արտաքինով «կաֆելշիկներ» էին, վերջում էլ բյուջեից 20 միլիոն դրամ կպցրեց, գնաց Եվրոպա, վերադարձից հետո էլ ԵՄ դրոշներով անկախություն է քարոզում (հակառուսականության դեպքում կարելի էր ՀՀ դրոշով պայքարել)։
Իսկ եթե համեմատենք ԲՀԿ-ն և ԱԻՄ-ը, ապա վերջինից վաղուց արդեն միայն անվանումն ու Հայրիկյանն են մնացել, իսկ ԲՀԿ-ն շարունակաբար փորձում են քանդել, բայց չի ստացվում, ԲՀԿ-ն շարունակում է մնալ երկրորդ քաղաքական ուժը, իսկ ԱԻՄ-ը վաղուց արդեն զբաղեցնում է վերջին տեղերը ու խորհրդարանում չի հայտնվում։
Այլ ու անձնական բնույթի տեղեկություններ ևս կան վերջինիս գործունեության ու հատկապես բանտային անցյալի մասին, որոնք չեմ ուզում բացահայտել՝ հույս ունենալով, որ քաղաքական հարթությունից դուրս գալու կարիք չի լինի, չնայած ինքն այսօր անցել է կոռեկտության սահմանն ու վիրավորել նախ կնոջը, հետո երկրորդ ուժի նորընտիր ղեկավարին։