1in.am-ը գրում է․

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում 82-րդ և 83-րդ համարները զբաղեցնում էին Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները՝ Ռուստամ Մախմուդյանը և Օվչի Ամոյանը: Երբ նախորդ տարվա ամռանը պատգամավորական մանդատը վայր դրեց Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), պատգամավոր դառնալու հերթը Ռ. Մախմուդյանինն էր, սակայն ԲՀԿ-ն քննարկեց և մանդատ տվեց ցուցակի 88-րդ համարին՝ Տիգրան Ներսիսյանին: Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ այս որոշումը «Բարգավաճ Հայաստանը» կայացրել է առանց Մախմուդյանի հետ խորհրդակցելու, նրան տեղյակ պահելու: Վերջինս մամուլի հրապարակումներից էր իմացել ԲՀԿ-ի որոշման մասին: Հետագայում ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել՝ հեռուստադիտողներին վստահեցնելու, թե Մախմուդյանը սեփական կամքով է որոշել հրաժարվել պատգամավորական մանդատից: Իբրև թե Ռուստամ Մախմուդյանը ինքը չի ցանկացել դառնալ պատգամավոր, քանի որ նախընտրական շրջանում Արագածոտնի մարզի եզդիական գյուղերը «Բարգավաճ Հայաստան»-ի համար բավարար ձայն չեն հավաքել: Հիմա, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ու կուսակցությունն ամեն օր լքում են պատգամավորներ, և դեռ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում ևս մի քանիսը վայր կդնեն մանդատը, «Առաջին լրատվական»-ը Ռուստամ Մախմուդյանից հետաքրքրվեց, գուցե ԲՀԿ-ն ի վերջո կատարի՞ իր խոստումը ու ազգությամբ եզդի պատգամավոր ներկայացված լինի խորհրդարանում: Ներկայացնում ենք Ռուստամ Մախմուդյանի հետ մեր հարցուպատասխանը: -Պարոն Մախմուդյան հնարավո՞ր է հիմա, երբ ԲՀԿ-ում բազմաթիվ թափուր տեղեր կան, Ձեզ պատգամավորական մանդատ առաջարկեն: -Չէ, երբ մարդը մի անգամ ցուցակից դուրս է գալիս իրավական կարգավորվածություն չկա, որ նորից կարող է հայտնվել ցուցակում: Այսինքն՝ այն անձինք, ովքեր արդեն դուրս են եկել, չեն կարող վերստին ցուցակում ընդգրկվել ու նման քննարկումներ չեն գնում: Այս պահին որ համարի վրա կանգ առած լինի՝ դրանից հետո եղած մարդկանց հարցը կարող է քննարկվել: Երբ ինձնից հետո մարդ նշանակեցին, իմ հարցն օրակարգից դուրս եկավ: Ես անկուսակցական էի, հիմա էլ եմ անկուսակցական, ու այդ դեպքերից հետո ասացի՝ կգնամ ու կզբաղվեմ ինձ ավելի հոգեհարազատ մասնագիտական գործունեությամբ: Չնայած պատգամավորական գործունեության մի մասն էլ առնչվում է իրավաբանությանը, բայց կարծում եմ՝ շատ մեծ բան չեմ կորցրել: -Լավ, խորհրդարանում Ձեզ չընդգրկեցին, բայց 2012 թվականից ի վեր գոնե աջակցություն Ձեր համայնքին եղե՞լ է: Չէ՞ որ նախընտրական շրջանում բազմաթիվ խոստումներ է ԲՀԿ-ն Ձեզ տվել: -Իմ ունեցած տեղեկություններով՝աջակցությունը եղել է բացառապես այն, որ ԵԽԽՎ-ում տիկին Զոհրաբյանն անդրադարձել է եզդիների ցեաղասպանության հարցին: Իսկ ՀՀ-ում եզդիական համայնքին աջակցություն ցուցաբերելու մասին տեղյակ չեմ: -Այսինքն՝ 2012 թվականից ի վեր այդ մի դե՞պքն եք կարողանում վերհիշել: -Ես այս պահին դա եմ հիշում: Գյուղական շատ համայնքներ ունենք, որ գազի ու ջրի խնդիր ունեն, և այդ առումով աջակցություն չի եղել: -Պարոն Մախմուդյան, ի՞նչ տեղի ունեցավ մեր վերջին հարցազրույցից հետո: Մեզ հետ զրույցում հայտարարեցիք, որ առանց Ձեզ հետ քննարկելու զրկել են Ձեզ խորհրդարան ընդգրկվելու հնարավորությունից՝ երբ ցուցակով արդեն Ձեր հերթն էր, իսկ հետագայում ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն»-ով ասացիք, որ ինքնակամ եք հրաժարվել: Ինչ-որ ճնշումնե՞ր են եղել: -Ես կարծում եմ, ես «Կենտրոնով» չեմ ասել, որ Դուք աղավաղել եք ինձ հետ հարցազրույցը: Ես ասացի, որ թեման փակ է ինձ համար, իսկ«Կենտրոն»-ը իմ խոսքի կոնտեքստից ինչ-որ բան էր կտրել: Եղել է իմ ու Ծառուկյանի միջև հանդիպում, ու Ծառուկյանն ասել է՝ գիտեք, Ձեր համայնքը բավարար չափով ձայներ չի տվել, մենք չենք տանում Ձեզ խորհրդարան: Ես էլ հարցրեցի իրենց՝ կարո՞ղ եմ այդպես հեռուստատեսությամբ հայտարարել, ասացին՝ այո: Բայց եթե շատ ավելի խորը մտածեին, պետք է չհամաձայնվեին: Ես «Կենտրոն»-ում տվեցի հարցազրույց ու ասացի, որ պարոն Ծառուկյանն ասել է՝ քանի որ Արագածոտնի շրջանի Թալինի ժողովրդի մեծ մասը ԲՀԿ-ին ձայն չի տվել…: Բայց իրենք սարքեցին այնպես, իբրև թե ես էլ եմ համոզվել ու եկել այդ հետևությանը: Եթե հիշում եք, ես երբեք չեմ ասել, որ Դուք աղավաղել եք: -Ամեն դեպքում այդպես էր ստացվում: -Ես Իվետայի հետ էլ փորձեցի կապվել, տեղյակ պահել: Բայց ինձ համար այդ թեման փակ էր դեռ այդ ժամանակ: Ուրիշ պատճառ վստահաբար չի եղել:



