Երեկ՝ միջօրեին, բեռնատարի վրա տեղադրված ամբարձիչի օգնությամբ վեր բարձրացած մի երիտասարդ բանվոր փութաջանորեն պոկում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդանշանով պաստառատիպը «կանյաչնիի» փողոցահայաց մեծադիր ապակեպատ փեղկերից: Դա առավել քան պարզորոշ խորհրդանշում էր, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակն այլևս հեռանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանից: Գրասենյակի բացումը ժամանակին շուքով էր, լրատվամիջոցներով, հեռուստախցիկներով, իսկ հրաժեշտը՝ մի տեսակ անշուք, գրեթե առօրեական:
Այսօր շատերին է հետաքրքրում, թե Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ո՞վ է ստանձնելու կուսակցության ֆինանսական, նյութական խնդիրները լուծելու իսկապես ծանր գործը: Հատկապես հիմա, երբ ԲՀԿ-ից հեռացել ու շարունակում են հեռանալ «գործարար փաղանգի» և համայնքապետաց դասի բազմաթիվ ներկայացուցիչներ, ֆինանսավորման հարցն առավել սուր է ուրվագծվում:
Թեպետ նախօրեին անուղղակիորեն կարծես տրվեց նաև այդ հարցի պատասխանը: Համենայն դեպս հայտարարվեց, որ ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ՝ կուսակցական այդ մարմնի նախագահի տեղակալ է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Նա միառժամանակ հեռացել էր ԲՀԿ-ից, ըստ որում՝ քաղաքաշինության ոլորտում որոշակի աղմկահարույց չարաշահումների մասին հրապարակումների «ուղեկցությամբ»:
Ամեն դեպքում, կարծես հենց Վարդան Վարդանյանն է լինելու ԲՀԿ «երկրորդ դեմքը»: Մանավանդ որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե որոշել են այսուհետ տարանջատել կուսակցության նախագահի և քաղխորհրդի ղեկավարի պաշտոնները: Հնարավոր է, որ առաջիկայում Վ.Վարդանյանը դառնա ԲՀԿ քաղխորհրդի նախագահը: Նա, ճիշտ է, Գագիկ Ծառուկյանի հետ հարստությամբ «ոտք չի մեկնի», բայց հազիվ թե «ձեռքը քարի տակ լինի»:
Առհասարակ, գործարար փաղանգի մի շարք ԲՀԿ-ականների հեռանալուց հետո իսկապես լուրջ խնդիր կարող է դառնալ ոչ թե տեղերում «Բարգավաճի» գրասենյակներն աշխատեցնելը, այլ գրասենյակներ ունենալն ընդհանրապես՝ չհաշված արդեն «ծառուկյանական ժամանակաշրջանում» ԲՀԿ-ին պատկանող քարոզչական ռեսուրսների հետագա ճակատագրին: Հետաքրքիր է նաև, թե ինչ է լինելու սոցիալական կայքերում հորինովի անուններով գրանցված հարյուրավոր ԲՀԿ-ական «ֆեյքերի» հետ: Բայց դա այնպես, ի միջի այլոց:
Շատ ավելի էական է այն, ինչ կատարվեց բառացիորեն 20 օր առաջ հեղափոխական կոչերի անցած, ըստ կուսակցական ցուցակների՝ երկրում ամենաբազմանդամ քաղաքական ուժերից մեկի, եթե ոչ՝ ամենաբազմանդամ կուսակցության հետ: Կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ արտահերթ համագումարում նաև հաջորդած ճեպազրույցում նշում էր, որ իրենց ժամանակ է պետք կատարվածը վերլուծելու, հետևություններ անելու համար:
Եթե ԲՀԿ-ում մնացած քաղաքական գործիչներն իսկապես սթափ, առանց ավելորդ զգացմունքայնության վերլուծեն ոչ միայն տեղի ունեցածը, այլև այն, թե ինչ է իրենից մինչև այժմ ներկայացրել ԲՀԿ-ն, ու, գոնե իրենց համար, ձևակերպեն՝ ընդդիմություն լինելուց բացի առաջիկայում որտեղ ու ինչպիսին են տեսնում կուսակցությունը, հնարավոր է, որ նույնիսկ շահած դուրս գան այժմյան ծանր կացությունից: Իսկ իրողություններին սթափ նայելու պարագայում անհնար է չնկատել, որ ԲՀԿ-ն փաստորեն մեծահարուստ անձնավորության շուրջ ամենատարբեր ակնկալիքներով հավաքված մարդկանց բազմություն է եղել: Այսինքն՝ ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, ինչպես ինքն էլ էր մի առիթով նշել՝ «դասական քաղաքական գործիչ» չէր, այլև «Բարգավաճ Հայաստանը», որպես այդպիսին, զուտ քաղաքական ուժ չէր, գոնե մինչև այս փուլը:
Ի վերջո, ո՞րն է կամ ո՞րն էր այդ կուսակցության հանրորեն ընկալելի գաղափարական հենքը: Այն, որ «բոլորի համար լավ ըլնի՞», թե՞ «ժողովրդի համար, անձնական շահ չունենք»-ը: Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական» թիկնոցն էլ չօգնեց, եթե չխանգարեց այդ գաղափարականացման գործում:
Որոշակի նյութական միջոցներ, պարզ ասած՝ «փող թափելով», այո, հնարավոր է մեծ թվով մարդկանց ներգրավել, պատկառելի քանակության ձայներ ստանալ ընտրություններում: Հնարավոր է: Ավելին՝ չմոռանանք, որ «ծննդյան օրվանից» էլ առաջ ԲՀԿ-ն իշխանական նախագիծ է եղել: Այսինքն՝ նման քաղաքական կազմակերպություն ստեղծվել է տվյալ շրջանում գործող իշխանությունների մտահղացմամբ, հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ՝ դրանից բխող հետևանքներով:
Իսկ «բխող հետևանքներից» մեկն այն է, որ տվյալ կազմակերպության շարքերն արագորեն համալրել են «տաքուկ անկյուն» կամ «մեջք» փնտրող որոշակի կատեգորիայի անձինք: Եվ պատահական չէ, որ առաջին իսկ լուրջ փորձությանը հանդիպելով՝ նրանցից շատերն արագորեն հեռանում են:
ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, «մարդ-կուսակցություն» էր մինչև հիմա՝ չնայած տարբեր քաղաքական դեմքերի առկայությանը: Ծառուկյանը որոշեց հեռանալ, կուսակցությունը հայտնվեց լինել-չլինելու խնդրի առաջ: Այն, որ հարցն այդպես էր դրված, արտահերթ համագումարում հստակ նշեց և Նաիրա Զոհրաբյանը, երբ մասնավորապես ասաց. «Նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, կարծում եմ, մենք միասին կայացրինք ճիշտ որոշում՝ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը, որովհետև մենք առաջին հերթին ունենք պատասխանատվություն մեր ընտրողների, մեր քաղաքացիների առաջ»:
Հետևաբար «նոր» ԲՀԿ-ի առաջին խնդիրը քաղաքական դաշտում վերահաստատվելը պետք է լինի հիրավի որպես քաղաքական բովանդակություն ունեցող ուժ դրսևորվելը: Դա դյուրին գործ չէ: Բայց այս պարագայում, երբ տարիներ շարունակ քեզանից ակնկալել և ստացել են, պատկերավոր ասած՝ «կարտոֆիլի սերմացու» (տրակտոր, խոտկապի թել ու այլ նյութական բարիքներ), իսկ հիմա դու պետք է տաս գաղափարներ, դա շատ ավելի դժվար է լինելու: