Վրաստանի կառավարությունը կրկին փոփոխություն է մտցրել «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում:
Նախորդ տարի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտած վերը հիշատակած օրենքը, որով մի շարք սահմանափակումներ էին մտցվում այլ երկրի քաղաքացիների՝ Վրաստան մուտք գործելու և այնտեղ բնակվելու հետ կապված, իր ուղղակի ազդեցությունն էր ունեցել հատկապես այդ երկրի քաղաքացի չհանդիսացող ջավախքցիների համար:
Ըստ այդմ, կառավարության կատարած նոր փոփոխությունը վերաբերում է հենց այդ խնդիրներին: Մասնավորապես՝ որոշվել է հնարավորություն տալ նմանատիպ խնդիրների առաջ կանգնած և Վրաստանում անօրինական, այսինքն՝ առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության Վրաստանի տարածքում գտնվող օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձանց մինչև ս.թ. հուլիսի 1-ը կարգավորել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման կամ դիմումների ներկայացման հարցերը: Մինչ նշված ժամկետը պետությունն իր վրա պարտավորություն է վերցնում տվյալ քաղաքացիներին չարտաքսել երկրից, տուժեր և տուգանքներ չկիրառել նրանց նկատմամբ և հնարավորություն տալ օրինական ճանապարհով լուծել կացության կարգավիճակ ստանալու հարցը:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Վրաստանի կառավարությունը ևս մեկ փոփոխություններ էր մտցրել վերոնշյալ օրենքում, որի համաձայն՝ Վրաստան մուտքի վիզա և կացության կարգավիճակ հեշտացված կարգով կտրամադրվեն այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր անշարժ գույք ունեն Վրաստանում: