Tert.am-ը գրում է․
Առաջիկա օրերին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, կգումարվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որի ընթացքում կընտրվի խմբակցության ղեկավար և քարտուղար: Тert.am-ի այս տեղեկությունները, այն մասով, որ լինելու է խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահը հաստատեց:
Ինչ վերաբերում է հարցին, թե ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության ղեկավարը լինելու է ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, քարտուղարը՝ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Կրկնում եմ՝ տեղի կունենա խմբակցության նիստ և խմբակցությունը կանդրադառնա Ձեր նշած հարցերին»:
ԲՀԿ կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնենք, նախքան կուսակցության ղեկավար ընտրվելը զբաղեցնում էր (դեռ զբաղեցնում է) խմբակցության քարտուղարի պաշտոնը, իսկ կուսակցության նախկին նախագահը հեռացել է ակտիվ քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ Զոհրաբյանի՝ խմբակցության ղեկավարի թեկնածու լինելու տեղեկությունը շրջանառվում է այն տրամաբանությամբ, որ կուսակցության պատգամավոր նախագահը չի կարող չլինել խմբակցության ղեկավար, ինչի մասին հուշում է նաև պառլամենտարիզմի պրակտիկան): Այսինքն՝ մինչ այս «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էր Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին «Ազգային միաբանություն» խմբակցությունում այդ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Ազգային ժողովրդավարների դաշինք» խմբակցությունում՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը և այսպես շարունակ:
Ինչ վերաբերում է կուսակցության մամուլի քարտուղարի հնարավոր ընտրությանը, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի տեղեկություններից և ավելացրեց.«Եթե հրաժարվի, մենք կքննարկենք»:
Հիշեցնենք, որ մոտ 11 ժամ առաջ Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անցյալ ժամանակով է խոսում իր խոսնակի պարտականությունների մասին և հրաժեշտ է տալիս իր հետ աշխատած լրագրողներին՝ գրելով.«Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել:
Ի պատասխան հարցի էլ, որը ըստ շրջանառվող տեղեկությունների, ԲՀԿ-ում պատրաստվում են կուսակցության առաջիկա արտահերթ համագումարում Քաղաքական խորհրդի նախագահի պաշտոն ավելացնել կանոնադրության մեջ, այդպե՞ս է ,թե ոչ, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Գիտե՞ք, ապշեցնում է երեկվանից շրջանառվող այդ հարցադրումը, որը, կարծում եմ, անելուց առաջ պետք է վերցնել ԲՀԿ կանոնադրությունը և կարդալ, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ մեր կանոնադրության մեջ ֆիքսված է. ԲՀԿ նախագահը նաև կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն է: Սա ամրագրված է մեր կանոնադրության 8.5 կետով»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ երեկ կուսակցության համագումարում առաջարկել է հաջորդ տարանջատել այդ երկու պաշտոնները (քանի որ դա պահանջում է կանոնադրական փոփոխություն), այսինքն՝ որ կուսակցության նախագահը չլինի նաև քաղաքական խորհրդի նախագահ՝ կուսակցությունում հակակշիռներ ստեղծելու համար:
«Դրա համար համագումարի կողմից առաջարկվել է, որ մեր հաջորդ համագումարում այդ երկու պաշտոնները կտարանջատվեն, և կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնում կառաջադրվի Վարդան Վարդանյանը, ով երեկ ընտրվեց կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Կարծում եմ, որ սա այդքանը պարզ է, որ նրանք, ովքեր սա չեն հասկանում, չեն հասկանում ոչ այն պատճառով, որ չեն ընկալում, այլ չեն ցանկանում հասկանալ: Մեր կանոնադրության մեջ, կրկնում եմ, հստակ ֆիքսված է՝ կուսակցության նախագահը նաև կուսակցության քաղաքական խորհրդի նախագահն է: Այսինքն՝ որևէ մեկի համար որևէ նոր պաշտոն հորինելու անհրաժեշտություն չկա և որևէ նոր պաշտոն չի՛ ստեղծվելու»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նման պաշտոն, իբր, պետք է ստեղծվեր ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի համար, որը, հիշեցնենք, հայտարարել էր, որ «Նաիրան կնիկ է» և որը ինքը նրանից նեղացած չէ:
Երեկ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ քվեարկեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ինչի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց.«Կարող էին լինել նաև դեմ քվեարկություններ և պարտադիր չէ, որ բոլորը միաձայն իմ թեկնածությանը հավանության տային: Եվ ինձ համար անչափ կարևոր է համագումարի կողմից գրեթե բացարձակ մեծամասնության վստահությունն իմ նկատմամբ: Իսկ պարոն Խաչատրյանի վերաբերմունքը ևս հարգում եմ, նա իրավունք ունի ունենալ իր անձնական դիրքորոշումը»:
ԲՀԿ նոր ղեկավարն ավելացրեց, որ եթե լինեին նաև դեմ քվեարկողներ, դա որևէ կերպ չէր փոխելու իր վերաբերմունքը այդ դեմ քվեարկողների հանդեպ:



