Tert.am-ը գրում է․

Tert.am–ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ զրուցել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին։ Պատգամավորն ասում է, որ սահմանադրական բարեփոխումները նպատակ չեն, դրանք միայն միջոց են, և քանի դեռ եվրոպամետ բևեռը լիովին չի կայացվել, այդ բարեփոխումներն ամենայն հավանականությամբ լինելու են գալիք ամիսների, եթե ոչ առաջիկա տարվա, քաղաքական գործընթացների հիմնական հարթակը:

- Պարո՛ն Պողոսյան, ԲՀԿ երեկվա համագումարից հետո փաստացիորեն վերջնականապես ամրագրվեցին քաղաքական դաշտի այն փոփոխությունները, որոնք ընթանում էին վերջին շաբաթների ընթացքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ համագումարի որոշումներն ու ստեղծված քաղաքական իրավիճակն ընդհանրապես:

- Կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստանն» այսօր եռանդուն, ունակ և գործունյա մի թիմ է, որն իսկապես կարող է շատ բան անել: Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ չէ ապացուցել քաղաքական լիդերի իր ունակությունները թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ամբիոններից: Վստահ եմ, այսուհետ ավելին է անելու: Իսկ անձամբ ես հաճույքով պատրաստ եմ աշխատել այդ թիմի հետ՝ ընդհանուր մոտեցումների շրջանակում գտնվող բոլոր հարցերի շուրջ:

Ինչ վերաբերվում է ներկա քաղաքական իրավիճակին, ապա այստեղ երկու կարծիք լինել չի կարող. Հայաստանում պետք է ձևավորվի երկրի զարգացման այլընտրանքային գաղափարախոսություն ունեցող կուռ բևեռ, որն ունակ լինի հիմնավոր հայտ ներկայացնել բոլորիս համար այլ ապագա կերտելու հարցում: Այս տեսանկյունից զարգացման եվրոպական ուղին ընտրող քաղաքական ուժերի և գործիչների համախմբումը առաջնային կարևորություն ունի:

- Պարո՛ն Պողոսյան, այդ դեպքում ի՞նչ դեր կարող են ունենալ սահմանադրական բարեփոխումները, որոնց սկիզբը, ինչպես նախապես հայտարարվել է, պետք է դրվի մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում: Ո՞րն է «Ժառանգության» մոտեցումն այդ հարցում:


- Նախ ասեմ, որ ես լիազորված չեմ խոսել «Ժառանգության» անունից, կարող եմ արտահայտել միայն իմ անձնական մոտեցումը: Սահմանադրական բարեփոխումները նպատակ չեն, դրանք միայն միջոց են: Քանի դեռ եվրոպամետ բևեռը լիովին չի կայացվել, այդ բարեփոխումներն ամենայն հավանականությամբ լինելու են գալիք ամիսների, եթե ոչ առաջիկա տարվա, քաղաքական գործընթացների հիմնական հարթակը: Դուրս մնալ դրանից, նշանակում է դուրս մնալ մեյնստրիմից. սա խնդիր է: Կարծում եմ՝ լուրջ աշխատելու դեպքում կարելի է ունենալ Եվրոպական չափանիշներին հարիր Սահմանադրություն, հատկապես մարդու իրավունքների և անկախ արդարադատության ամուր հիմքերի ապահովման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է պետական կառավարման ձևի ընտրության հարցին, ապա ես այստեղ ունեմ մտահոգություններ երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից խորհրդարանական կառավարման դեպքում, և իշխանությունների հավասարակշռման և ժողովրդավարության հարցերում՝  նախագահական կառավարման մոդելի պարագայում: Ես կողմնակից եմ մոդելի, որը մեկտեղված կլուծի այս հարցերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել